Հզոր պայթյուններ Թուրքիայում` քրդական կուսակցության հանրահավաքի ժամանակ

Թուրքիա - Մարդիկ օգնություն են ցուցաբերում պայթյունների հետևանքով տուժածներին, Դիարբեքիր, 5-ը հունիսի, 2015թ․

Երեկ երեկոյան երկու հզոր պայթյուն է որոտացել Դիարբեքիրում` քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը եզրափակող բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ: Zaman օրաթերթի տեղեկություններով՝ մեկը մյուսին հաջորդած երկու պայթյունների արդյունքում 4 մարդ զոհվել է, 184-ը՝ վիրավորվել:

Քրդամետ կուսակցության ղեկավար Սելահեթդին Դեմիրթաշը, ով ահաբեկչական հարձակումների պահին գտնվել է հրապարակում` պայթյունների էպիկենտրոնից մոտ 30 մետր հեռավորության վրա, չի տուժել:

Reuters գործակալության տեղեկություններով՝ պայթյուններից անմիջապես հետո հրապարակում բախումներ են սկիզբ առել ցուցարարների և թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների միջև: «Ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով փորձում էր ցրել վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերող կամ հրապարակը խուճապահար լքող մարդկանց», - Reuters-ի թղթակցին փոխանցել է ականատեսներից մեկը` բրիտանացի ֆոտոլրագրող Գայ Մարտինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը արդեն իսկ հայտարարել է, որ տեղի ունեցածը սադրանք էր: «Մեր քաղաքացիները պետք է շատ զգոն լինեն նման սադրանքներին դեմ հանդիման», - հայտարարել է Էրդողանը: