Վեց տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, և առանձին վարույթով ուղարկվել դատախազություն։
Իր բնակարանի մուտքի մոտ դիմահար կրակոցից սպանված 34-ամյա փոխոստիկանապետի հայրը՝ Պետրոս Մհերյանը պնդում է, որ գործը տեղից շարժվել է այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է, թե պատրաստվում է հրապարակել ձեռքի տակ եղած փաստերը։
Պետրոս Մհերյանը մշտապես հայտարարել է՝ ի սկզբանե իրավապահները ցանկացել են կոծկել գործը։
«Ես չեմ կարող ասել՝ ում էր ձեռնտու։ Միանշանակ ձեռնտու էր այն մարմիններին, որոնք զբաղվում էին այդ գործով, որ գործը շեղեին՝ և' ոստիկանությանը, և' ՀՔԾ-ին։ Կոնկրետ անուններ չեմ կարող տալ։ Սպանության հարցով ընդհանրապես գործ չեն արել, էնտեղ կեղծված, շինծու փաստաթղթեր կան։ Ուրիշ բան չեն արել։ Ունեմ իրոք անհերքելի փաստեր, որ այն մարդիկ, ովքեր զբաղվել են գործով, ուզեցել են շեղել, գործը կոծկել»,- ասաց Պետրոս Մհերյանը։
Նոր հարուցված գործով անցնող պաշտոնյաների անունները դեռ չեն հրապարակվում։ Այդ տարիներին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանը հայտարարում էր, որ Մհերյանի սպանության բացահայտումը ոստիկանության «պատվի խնդիրն է»։ Այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում նույնն է պնդում՝ անհեթեթ որակելով գործի բացահայտման հարցում ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքները։
«Իմ աշխատած տարիներին ես հնարավոր ու անհնար ամեն ինչ արել եմ և շատ շահագրգռված եմ եղել, որ դա բացահայտվի, որովհետև դա իմ պատվի հարցն է։ Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ես որևէ առնչություն չէի կարող ունենալ էդ հանցագործության բացահայտումը կոծկելու մեջ։ Եթե ինչ-որ մի պաշտոնյա թերի աշխատանք է կատարել, և հիմա համապատասխան մարմինները գտնում են, որ եթե դա թերի չլիներ, հանցագործությունը կբացահայտվեր, թող էդ պաշտոնյային կանչեն, լսեն։ Ես չգիտեմ ում մասին է խոսքը»,- ասաց Սարգսյանը։
Գործի քննության ընթացքը շեղելու մասին Մհերյանի հոր պնդումները հերքում է նաև սպանության գործով Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի նախկին ղեկավար Հեկտոր Սարդարյանը։
«Եթե քննությունը ծռվում է, միտումնավոր է արվում, որ անմեղ մարդուն դատապարտեն չարած արարքների համար։ Նման բան չի եղել։ Հատուկ քննչական ծառայությունը ամեն ինչ արել է, որ հանկարծ անմեղ մարդը չգնա չարած արարքի համար պատասխան տա։ Քննչական մարմինն էլ ինչ-որ տեղ մեղավոր է, որ չի կարողացել բացահայտի օպերատիվ մարմնի հետ միասին։ Բայց էդտեղ միտումնավոր ոչինչ չի եղել։ Ես դա բացառում եմ»,- ասաց Սարդարյանը։
Սպանված փոխոստիկանապետի հայրը հույս ունի, որ մեղավորները գոնե հիմա կպարզվեն, հակառակ դեպքում խոստանում է իր ուժերով բացահայտել գործը։
34-ամյա Գևորգ Մհերյանին 2008 թվականին փոխոստիկանապետ էր նշանակել նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչև այդ Մհերյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերով օգնականն էր: