Դատախազությունը Առաքել Մովսիսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ստացել

Your browser doesn’t support HTML5

Դատախազությունը տասնօրյա ժամկետում կորոշի՝ արդյոք իշխող կուսակցության պատգամավորի սպառնալիքները բավարար հիմք են նրա դեմ քրեական գործ հարուցելու համար։

Գլխատել ու բռնաբարել սպառնացող հանրապետական Առաքել Մովսիսյանի դեմ իրավապաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Նախաձեռնողը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն է, ով պնդում է՝ իշխող կուսակցության պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են։

«Ինքը բռնությանը աջակցող, բռնությունը խորհրդանշող կոնկրետ գործողություն կատարող անձ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Օրեր առաջ հանրապետական Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին։

«Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի և գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ։ Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են» , - ասել էր Մովսիսյանը։

Արթուր Սաքունցը զուգահեռներ է տանում այս հայտարարությունների և երկու ամիս առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդների կալանքի միջև՝ փաստելով, որ Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները ազատազրկվեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի կասկածանքով, այն դեպքում, երբ նման մտադրություն երբևէ բարձրաձայն չէին հայտնել։

«Իսկ տվյալ դեպքում, մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի և նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ։ Օրենսդրության կիրառման միատեսակության տեսակետից, հիմնավոր է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը հարուցի քրեական գործ», - ասաց իրավապաշտպանը։

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը ևս տեղյակ է Առաքել Մովսիսյանի գլխատելու և բռնաբարելու ցանկության մասին, սակայն հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը նախօրեին «Ազատության»-ը տեղեկացրել էր՝ կուսակցի դեմ վարույթ չեն իրականացնի, քանի որ բողոք չունեն։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ խորհուրդ էր տվել Առաքել Մովսիսյանի արտահայտությունները «բառի բուն իմաստով չընկալել»։

«Ես չեմ կարծում՝ պետք է ուղիղ հասկանալ, պարզապես պետք է նայեք, թե ինչպես է պատգամավորն արձանագրում իր խոսքերը», - ասել էր ԱԺ նախագահը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանը տարակուսում է՝ բռնաբարել նշանակում է բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ, հայոց լեզվի բառարաններում այլ մեկնաբանություն չկա։ Իրավապաշտպանը մասնագիտությամբ բանասեր Սահակյանից բառի նոր մեկնություն է պահանջում։

«Թե բռնաբարությունն ինչպես կարելի է փոխաբերական իմաստով հասկանալ՝ գուցե նոր մեկնաբանության կարի՞ք կա, և թող Գալուստ Սահակյանը նորից մեկնաբանի», - ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպաններն ընդգծում են՝ Առաքել Մովսիսյանն առաջին անգամ չէ, որ սպառնում կամ հայհոյախառն արտահայտություններով է աչքի ընկնում, սակայն մինչ օրս դրա համար չի պատժվել։

«Գալուստ Սահակյանը չի ասում, որ նա իրավունք չունի այդպես խոսելու, նա մեկնաբանում է, թե մենք ինչպես ընկալենք նրա ասածները։ Սա փողոցային մակարդակ է հիշեցնում ուղղակի», - ասաց Ալեքսանյանը։

Սաքունցն էլ իր հերթին նշեց. - «Երբ որ իշխանության ամբողջ ռեսուրսները կենտրոնացված են մի խմբի ձեռքին՝ իրավապահ, դատական, ներկայացուցչական, գործադիր, ապա այդ դեպքում, իրապես, տեղի ունի բեսպրեդել»։

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը տեղեկացրեցին՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել են, տասնօրյա ժամկետում կորոշեն՝ արդյո՞ք իշխող կուսակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքները բավարար հիմք են նրա դեմ քրեական գործ հարուցելու համար։