Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ասել է, թե երկրի արևելքում լայնածավալ բախումների վերսկսման վիթխարի վտանգ կա։
Ուկրաինայի խորհրդարանում ներկայացրած տարեկան իր ուղերձում Պորոշենկոն ասել է, որ բանակը պետք է պատրաստ լինի պաշտպանելու Ուկրաինան հնարավոր ներխուժումից՝ Ռուսաստանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։ Նրա խոսքով, ներկա պահին Ուկրաինայի տարածքում ռուսաստանցի 9 հազար զինծառայող կա։
Պորոշենկոյի հայտարարությունները հաջորդեցին մեկ օր առաջ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ուժեղ բախումներին, որոնք Մինսկի երկրորդ հանդիպումից հետո ամիսներ անց վերսկսված առաջին լայնածավալ ընդհարումներն են։
Ուկրաինայի նախագահի օգնական Յուրի Բիրյուկովն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 3-ին անջատականների հետ բախումների հետևանքով ուկրաինացի հինգ զինծառայող է զոհվել, իսկ 39-ը վիրավորվել են։ Ամենաուժեղ բախումները, ինչպես հաղորդվում է, տեղի են ունեցել Դոնեցկից արևմուտք ընկած Մարյինկա քաղաքի մոտ։
Կիևը պնդում է, որ անջատականները տանկեր և հրետանի օգտագործելով փորձել են գրավել կառավարական զորքերի դիրքերը։ Մյուս կողմից ռուսամետ անջատականներն են մեղադրում Կիևին՝ ասելով, թե կառավարական զորքերի հրետակոծության հետևանքով 15 մարդ է զոհվել։
Ուկրաինական կողմն ասել է, որ ռուսամետ անջատականների գրոհները հետ մղելու նպատակով ստիպված հրետանի են օգտագործել, որը հետ էին քաշել ըստ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների։
Հունիսի 3-ին Ուկրաինան զգուշացրել էր միջազգային իր գործընկերներին ծանր սպառազինությունները վերատեղակայելու մասին, որպեսզի կարողանան դիմակայել մոտավորապես 1000 ռուսամետ գրոհայինների տանկերի, ականանետերի և հրետանու հարձակումներին։
Իրավիճակի նոր սրացման համար Մոսկվան մեղադրում է Կիևին։ Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կիևին մեղադրել է նոր լարվածություն սադրելու մեջ, որի նպատակը Եվրամիության վրա ճնշում գործադրելն է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար։
Առաջիկա օրերին Գերմանիայում հանդիպելու են Մեծ յոթնյակի առաջնորդները, իսկ ամսվա վերջին տեղի է ունենալու Եվրամիության գագաթնաժողովը։
«Նախկինում ևս, բազմաթիվ անգամ ուկրաինական կողմը լարվածություն առաջացնող քայլերի է դիմել միջազգային որևէ խոշոր իրադարձությունից առաջ», - ասել է Պեսկովը՝ լուրջ մտահոգություն հայտնելով վերջին իրադարձությունների կապակցությամբ։
Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, թե Ուկրաինայի իշխանությունների գործողությունների պատճառով Մինսկի համաձայնությունը մշտապես գտնվում է սպառնալիքի տակ։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը մամուլի երեկվա բրիֆինգում ասել է. - «Ռուս անջատականների կոմբինացված զորքերի ցանկացած նոր հարձակում և ագրեսիվ գործողություն անընդունելի է և հակասում է Մինսկի համաձայնագրին»։ «Ռուսաստանի ուղիղ պարտավորությունն է կանխել այդ հարձակումները և կյանքի կոչել հրադադարը։ Ուկրաինայից հավելյալ տարածքներ գրավելու ցանկացած փորձ ավելի թանկ կնստի», - զգուշացրել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Անցյալ տարվա ապրիլից մինչև հիմա Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում սկսված ռազմական բախումների հետևանքով արդեն 6 հազար 400 մարդ է զոհվել։