Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի հյուրանոցային ծախսերի համար 3 միլիոն դրամ է հատկացվել

Your browser doesn’t support HTML5

Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի եռօրյա այցի ընթացքում միայն հյուրանոցային ծախսերը հոգալու համար Երևանի քաղաքապետարանը 3 միլիոն դրամ է հատկացրել:

Ավագանու ընդդիմադիր անդամ Ստյոպա Սաֆարյանը սա շռայլություն չէր համարի, եթե քաղաքապետարանը միջոցների սղության պատճառաբանությամբ չմերժեր բնակելի շենքերից մեկում կոյուղի անցկացնելու, որոշ փողոցներ ասֆալտապատելու առաջարկները և ոչ միայն:

Ավագանու ընդդիմադիր անդամները բազմիցս են քաղաքապետին ներկայացրել, օրինակ, Նոր Արեշի պոլիկլինիկայի անմխիթար վիճակը․ ապակու փոխարեն պողպատյա թիթեղով ծածկված պատուհաններ, քարուքանդ առաստաղ, մութ միջանցքներ, անգործության մատնված հսկայական մասնաշենք: Պատասխանը մեկն է եղել՝ վերականգնելու համար հսկայական գումար է անհրաժեշտ: Սաֆարյանը վստահ է՝ եթե քաղաքապետարանն ի վիճակի էր 3 օրվա համար 3 միլիոն դրամ ծախսել, ապա մեկ տարում կարող է նաև այս խնդիրներին անհրաժեշտ գումարն առանձնացնել։

«Երբ ամեն տարվա ծրագրում ներառելու համար մենք ներկայացնում ենք առաջարկներ, արժանանում ենք «փող չկա, այդքան մեծ գումարներ չկան» և նման պատասխանների։ Եթե նկատի ունենանք, որ մենք այցելություններ շատ ենք ունենում և դրանք թանկ են արժենում երևանցու ու նրա բյուջեի վրա, բնականաբար, մեզ կարող ենք թույլ տալ վստահաբար պնդելու, որ եթե այդ գումարները խնայվեն, հնարավոր կլինի ունենալ այդ մեծ գումարները»,- ասաց Սաֆարյանը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը վստահ է՝ 3 միլիոնից էլ պակաս գումարով կարող էր քաղաքապետարանը սկսել աշակերտների ու քաղաքացիների համար հեծանվուղիներ ստեղծելու իր առաջարկը: Քաղաքապետարանից աջակցություն չստանալով՝ Բլեյանը այլ միջոցներով է փորձում իրականացնել այս ծրագիրը։

«Քաղաքապետարանը չի որոշելու իմ ազատության աստիճանը, նա չի որոշելու՝ ես ինչպես շարժվեմ, որ ճանապարհով։ Կարող է դժվարացնել, ցավոք սրտի»,- ասաց Բլեյանը։

Նախորդ տարի կոնյակի վրա մոտ 30 միլիոն դրամ ծախսած Երևանի քաղաքապետարանը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, կարող էր գոնե այս դեպքում խնայել և Պետերբուրգի քաղաքապետի համար չվարձակալել նախագահական մեկ, իսկ ուղեկցողների համար՝ կիսանախագահական և լյուքս համարներ:

«Այդ գումարի առնվազն գոնե կեսը կարող է չծախսվեր, եթե Երևանի քաղաքապետարանը լիներ ավելի խնայողական և ապահովեր նվազագույնը։ Որևէ մեկը պարտական չէ Հայաստան այցելած որևէ հյուրի համար, եթե առավել ևս նա այս ստատուսին չի համապատասխանում»,- ասաց Սաֆարյանը։

Ճոխ հյուրընկալությունից առաջ քաղաքապետարանը Երևանի կենտրոնում առանց մրցույթի 1000 քմ տարածք վաճառեց Սանկտ Պետերբուրգի իշխանություններին: Առ այսօր չի հայտարարվում՝ ով է իրականացնելու շինաշխատանքները և հստակ ինչ է կառուցվելու:

«Հյուրանոցի պատմությունը հիշենք, երբ Երևանի կենտրոնում գտնվող բավական թանկարժեք և հսկայական տարածքը ուղղակի արտոնյալ պայմաններով տրամադրվեց նրանց, ՀԷՑ-ը, «Գազպրոմը», Մերգելյանը, «Մարսը», ռազմավարական նշանակության այդ ձեռնարկությունները, որոնք մենք տվել ենք մեր գործընկերոջը, և ընդհանրապես այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այս կտրվածքով, ոչ թե երկու երկրների հարաբերությունների խորացնելու շրջանակներում է, այլ ուղղակի Հայաստանը ռուսաֆիկացնելու, որովհետև ռուսական կողմը ուղղակի լայնամասշտաբ ներխուժում է նախաձեռնել»,- ասաց Սաֆարյանը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց պաշտոնական պատասխանը կլինի միայն այն դեպքում, եթե Երևանի ավագանու անդամը փաստարկված հիմնավորի, որ 3 միլիոն դրամը գումարի վատնում կարելի է համարել: Ի դեպ, քաղաքապետարանի կողմից հրապարակված գնումների մասին փաստաթղթում նշված է, որ 105 հազար դրամ քաղաքապետարանը ծախսել է հյուրանոցային ծառայության՝ այդ թվում նաև նախաճաշի, 135 հազար էլ՝ միայն հյուրանոցային համարներում հյուրասիրության վրա: