ԱՄՆ կառավարությանն արգելվեց ձեռք բերել հեռախոսազանգերի տվյալներ

Օբաման ստորագրել է երկու կուսակցությունների միջև փոխզիջման արդյունքում ընդունված օրենքը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենքը, որը արգելում է կառավարությանը ձեռք բերել մեծ քանակով հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալներ՝ ահաբեկչական հարձակումները կանխելու նպատակով:

Համաձայն նոր օրենքի, Ազգային անվտանգության գործակալության փոխարեն ամերիկյան քաղաքացիների հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը և արխիվացումը կիրականացնեն Միացյալ Նահանգների հեռախոսային ընկերությունները: Դաշնային քննիչները այդ տվյալները կկարողանան ուսումնասիրել միայն դատական կարգով` որևէ մեկին ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ կասկածելու դեպքում:

Օրինագիծը փոխզիջում էր Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրների միջև:

Այդուհանդերձ, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը պնդում է, որ նոր համակարգը առավել անապահով կլինի, քանի որ օրենքը դաշնային իշխանություններին զրկում է ահաբեկչության դեմ պայքարի կարևորագույն գործիքից:

«Նոր օրինագիծը չի երաշխավորում ամերիկացիների անձնական կյանքի անձեռնմխելիությունը, այլ հակառակը՝ վտանգում է Միացյալ Նահանգների անվտանգության համակարգը ոչ ճիշտ ժամանակին», - ասում է ՄըքՔոնելը:

Միացյալ Նահանգների կառավարությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո սկսել է հավաքագրել հեռախոսահամարների տվյալներ և ոչ թե զանգերի բովանդակությունը:

Ծրագիրը առաջինը երկու տարի առաջ բացահայտել է Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ով ներկայումս ապաստան է ստացել Ռուսաստանում: Երեքշաբթի օրը տեսակապի միջոցով Սնոուդենը ասել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, որ հեռախոսազանգերի հսկողությունը չի նպաստում ահաբեկչական հարձակումների կանխմանը:

Քննադատների խոսքով՝ ծրագիրը իրենից ներկայացնում էր պետության ներխուժում քաղաքացիների անձնական կյանք, քանի որ միլիոնավոր ամերիկացիների զանգեր, ովքեր ոչ մի կապ չունեին ահաբեկչության հետ, մանրամասն ուսումնասիրվել են: