Թուրքիայի նախագահը հերթական հակահայկական հայտարարությունն է անում

Your browser doesn’t support HTML5

Հայերը, միասեռականներն ու լրագրողները` ահա Թուրքիայի իշխանությունների գլխավոր թշնամիների ցուցակն ըստ Ռեջեփ Էրդողանի: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարեց երեկ Բինգյոլում կայացած բազմահազարանոց նախընտրական հանրահավաքի ժամանակ` պնդելով, թե այս երեք խմբերն են, որ մարդկանց տրամադրում են ընդդեմ իշխանությունների:

«Հայկական լոբբին, համասեռամոլները` նրանք բոլորն էլ [քրդական] Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հովանավորներն են, նրանք են հրահրում մարդկանց: Այս խմբին կարելի է դասել Dogan մեդիա խմբին, որն այդ կուսակցության խոշորագույն դաշնակիցն է», - ասում էր Էրդողանը:

Նշենք, որ Dogan մեդիա խմբի կազմում են գործում այնպիսի ազդեցիկ լրատվամիջոցներ, ինչպիսին են CNN Turk հեռուստաընկերությունը, Hurriyet և Radikal օրաթերթերը: Դրանք նախընտրական այս շրջանում բավական կոշտ դիրքորոշում են որդեգրել «Արդարություն և զարգացում» կուսակցության հանդեպ:

Քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության դեմ Էրդողանի հարձակումները ևս պատահական չեն: Վերջին սոցհարցումների համաձայն՝ կուսակցությունը կարող է հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ նվազագույն 10-տոկոսանոց շեմը: Այդ դեպքում զգալիորեն կնվազի իշխող կուսակցությանը բաժին հասնող մանդատների քանակը, ինչն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել կոալիցիոն կառավարություն ստեղծելու անհրաժեշտությանը:

Էրդողանի համոզմամբ, ի դեպ, իր և իր կողմնակիցների դեմ դավեր են նյութվում ոչ միայն Թուրքիայի ներսում, այլև արտերկրում: Հունիսի 2-ին թուրքական Show TV հեռուստաընկերության եթերում Էրդողանը հայտարարեց, թե արևմտյան առաջատար լրատվամիջոցները մտածված կերպով սրում են իրադրությունը Թուրքիայում:

«CNN-ը, BBC-ն և The New York Times-ը անում են ամեն ինչ Թուրքիան մասնատելու համար: Իրականում ոչինչ չի փոխվում: Նույն The New York Times-ը 1896 թվականին նույնն էր անում սուլթան Աբդուլ Համիդի նկատմամբ», - ասել է Թուրքիայի նախագահը: