«ՉԻ» լրագրող Անի Գևորգյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Your browser doesn’t support HTML5

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է լրագրողի բողոքը՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ։

«Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Անի Գևորգյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր նկատմամբ ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած բռնության գործով։ Լրագրողն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայաստանյան բոլոր դատարանները, այդ թվում՝ Վճռաբեկը մերժել են Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ իր բողոքը։

«Միանշանակ պատրաստվում ենք բողոքարկել այս պահին մնացած միակ ատյանում՝ դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Համոզված եմ, որ այնտեղ չեն կարող անտեսվել այն բոլոր փաստերը, որոնք անտեսվեցին Հայաստանի Հանրապետության ներպետական իրավապահ և դատական ատյաններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ֆոտոլրագրողը:

Անցած տարվա փետրվարին ոստիկանները բերման էին ենթարկել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ տարածող ակտիվիստներին, ակցիան լուսաբանող Անի Գևորգյանին, ու, վերջինիս պնդմամբ, բռնություն կիրառել իր նկատմամբ։

«Քննիչին հաջողվել է ինչ-որ հրաշքով պարզել, որ ոստիկանները իմ նկատմամբ բռնություն են գործադրել իմ իսկ անվտանգության համար: Ակնհայտորեն իրենց գործողություններով էդ մարմինները ուղղակի հայտարարեցին, որ ՀՀ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտումը որևէ պատասխանատվություն չի ենթադրում», - ասաց Գևորգյանը:

Այսօր Հատուկ քննչական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ կարճվել է նաև 10 ամիս առաջ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը։

Անցած սեպտեմբերին Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը պոկել էր «Հակահարված» խմբի անդամների՝ «Բարև, Ռոբ» գրությամբ պաստառը, հետո հարվածել լրագրող Մարինե Խաչատրյանին՝ տեսանկարահանող սարքը գցելով գետնին։ Գործի վարույթը կարճելու հիմքերի մասին մանրամասներ փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը։

«Կարեն Հայրապետյանի արարքում բացակայում են լրագրող Մարինե Խաչատրյանին ինչպես ծեծի ենթարկելու, այնպես էլ վերջինիս գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածներով նախատեսված հանցակազմերը», - ասաց Ահարոնյանը:

Գլխավոր դատախազությունը, որը մի քանի անգամ վերացրել էր նշված գործով վարույթը կարճելու մասին ՀՔԾ-ի որոշումները, հիմա արդեն ընդունում է, որ գործը ենթակա է կարճման։ Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը տված պարզաբանման համաձայն, համակարգչատեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ Կարեն Հայրապետյանը չի իմացել Մարինե Խաչատրյանի՝ լրագրող լինելու մասին, որպիսի պայմաններում, նրա արարքում բացակայում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածի հանցակազմը։

Լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը պնդում է՝ լրագրողների նկատմամբ հետապնդումներն ու բռնություններն իրականացվում են ոչ միայն մասնագիտական պարտքը կատարելիս։

«Հիմա կարծես թե մի այլ մեթոդ է սկսել կիրառվել, երբ լրագրողներին հետապնդում են այլ պատճառաբանություններով, որովհետը ինձ հետ կատարվածը ես գնահատում եմ որպես նման հետապնդման ձև, որովհետև ես որպես լրագրող չեմ գտնվել այն վայրում, որտեղ ինձ վրա հարձակում է տեղի ունեցել», - ասաց Առուստամյանը:

Գայանե Առուստամյանն ասում է, որ իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները տարբեր ակցիաների ժամանակ նկատել ու գոնե դեմքով ճանաչում են իրեն։

Լրագրողները Հայաստանում այսօր պաշտպանված չեն, իր հերթին պնդում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Անցած տարի լրագրողների դեմ ոտնձգությունների 9 դեպքերից որևէ մեկը չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել, նշում է իրավապաշտպանը։

«Սա՝ ընդհանուր այս մոտեցումը՝ ծեծել լրագրողներին, բռնի վերաբերմունքը՝ լրագրողների, ակտիվիստների նկատմամբ, սա ոստիկանության որդեգրած քաղաքականությունն է, որ եթե մի անցանկալի բան նկատեցին, ուրեմն անպայման բռնի գործողությունների պետք է իրենք դիմեն», - ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինները որևէ քայլ չեն անում՝ ցույց տալու, որ իրականում պաշտպանում են խոսքի ազատությունը։