Միավորված Ազգերի Կազմակերպությունն Իրաքում օգնություն է ցուցաբերում 8 միլիոն մարդու, այդ թվում՝ տեղահանված 3 միլիոն իրաքցիների։ Սակայն այն հայտարարում է, որ Իրաքի տեղահանվածներին օգնելու համար նախատեսված բյուջեն վերջանում է, երբ ավելի ու ավելի մեծաթիվ իրաքցիներ են այս օրերին ենթարկվում տեղահանման։
Իրաքի հարցով ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ներկայացուցիչ Լայս Գրանդն ասում է, որ եթե շատ շուտով նոր հատկացումներ չարվեն, օգնության ծրագիրը կդադարի եկող մի քանի շաբաթվա ընթացքում։
ՄԱԿ-ի պաշտոնյաները կարծում են, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերի թեժացմանը զուգընթաց՝ եկող մի քանի ամիսների ընթացքում տեղահանվածների թիվը կավելանա։ Իսկ նրանցից շատերը, ովքեր որոշել են չհեռանալ իրենց տներից, այսօր չունեն օրվա հացը վաստակելու հնարավորություն։
Ինչպես Գրանդն է ասում, «մինչև 2015 թվականի ավարտը Իրաքում օգնության կարիք կունենա 10 միլիոն մարդ»։
Նրա խոսքերով, անցած ամիսների ընթացքում նավթի գների անկման պատճառով Իրաքի կառավարությունը կորցրել է իր ամբողջ բյուջեի 40 տոկոսը։
Իրաքի զինված ուժերը սկսել են արևմտյան Անբարի գավառը «Իսլամական պետություն» խմբավորումից հետ գրավելու գործողություններ։ Դրան ի պատասխան՝ ապստամբ ուժերը մահապարտների միջոցով իրականացրել են ռմբային երեք հարձակում Անբարի ռազմական մի հենակետում, ինչի արդյունքում ավելի քան 40 զինվորական է զոհվել։ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշնակից ուժերն Իրաքի բանակին աջակցում են Անբարի մայրաքաղաք Ռամադին ազատագրելու գործողություններում։
Իրաքում մարդասիրական ճգնաժամը շարունակվում է։ Սակայն այն ոչ միայն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողությունների արդյունք է, այլև մեծապես ազգային, ցեղային ու կրոնական հենքի վրա տեղի ունեցող բռնությունների հետևանք։