Վիճակագրական վարչությունը առաջին եռամսյակի պաշտոնական արդյունքներով արձանագրել է տնտեսական ակտիվության և համախառն ներքին արդյունքի ավելի քան երկու տոկոս աճ, այն դեպքում երբ կրճատվել է առևտրաշրջանառությունն ու էլեկտրաէներգիայի արտադրությունը, պակասել են ներմուծումն ու արտահանումը, ավելացել է գործազրկությունը։ Արձանագրված աճը, ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ է ստացվել, այնուամենայնիվ, հրապարակված թվերի համադրությունը աբսուրդային է:
«Մի տեղ գործազրկություն, ներդրումների նվազում, մի տեղ սպառման ծավալների նվազում, էլեկտրաէներգիայի նվազում, մյուս կողմից էլ տեսնում ենք արդյունաբերության աճ, բայց դե սա երևի հայաստանյան իրականություն է․ տնտեսագիտորեն ստեղծված իրավիճակը անբացատրելի է: Կարող ենք ասել հայաստանյան ֆենոմեն կամ հայտնի աճպարար Հակոբ Հակոբյանի ձեռքերի կամ գործողությունների արդյունք», - ասաց տնտեսագետը:
Ամենամեծ խնդիրը տնտեսության համար Խաչատրյանը համարում է ուղղակի ներդրումների կրճատումը․ - «Դոլարային արտահայտությամբ եթե հաշվենք, մոտ 70 տոկոսով ներդրումները կրճատվել են: Սա ահազանգ է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ»:
Ներդրումների, նաև տրասնֆերտների գրեթե կիսով չափ կրճատումը, ըստ տնտեսագետի, Հայաստանի քաղաքացու համար նշանակում է աշխատատեղերի, եկամուտների, կենսամակարդակի նվազում:
Երևանի փողոցներում մեր շրջայցն էլ ավելի պատկերավոր դարձրեց ԱՎԾ-ի արձանագրած թվերը:
Կենտրոնական փողոցներում տասնյակ խանութներ, սրճարաններ կողպել են դռները: Քաղաքացիները բիզնեսը շարունակելու մտքից հրաժարվել են, վաճառում կամ վարձով են տալիս տարածքը։ Հարցազրույց տալ նրանք հրաժարվում են: Խոսում է միայն հագուստի խանութ ունեցող Մարտինը, ով ֆինանսական խնդիրների պատճառով այժմ ավելի էժան տարածք է փնտրում։ Ասում է՝ տնտեսական վատ վիճակը իրենց մաշկի վրա են զգում․ - «Կարծում եմ, նույնիսկ մեծ առևտրի կենտրոններում առևտուրը քչացել է»:
Արտահանողների միության նախագահ, գործարար Րաֆֆի Մխջյանն ասում է, որ իրականությունը պաշտոնական վիճակագրությունից ավելի մռայլ է: Հիմնական պատճառներից մեկը ՝ոչ միայն Ռուսաստանի տնտեսության անկումն է, այլ նաև Հայաստանի ոչ հրապուրիչ պայմանները ներդրումների համար:
«Արդյո՞ք ապահովված է իր ներդրումը, արդյո՞ք վաղը, մյուս օրը ինչ–որ մեկը չի գա, չի ասի՝ ընկեր էս ինչ էս դրել էստեղ, սրա մի մասը իմն է: Այս է խնդիրը», - ասաց գործարարը:
Մխջյանի խոսքով, թեև սփյուռքահայ ներդրողները հաճախ պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա հայրենիքում գործ դնելու համար, սակայն այժմ անգամ նրանք են խուսափում գումարը Հայաստան բերել: Հիմնական պատճառը, ըստ Մխջյանի, անարդար մրցակցությունն է:
«Մարդիկ ունեն մոնոպոլիայի իրավունքներ, և ոմանք էլ չունեն այդ նույն իրավունքները, և դրա համար իրենք չեն կարող արդար նույն դաշտում մրցակցեն: Դրա համար էլ չեն գա», - ընդգծեց գործարարը:
Մխջյանն ասում է՝ Հայաստանում կարճ ժամանակահատվածում կարելի է փոփոխությունների հասնել, եթե կամք լինի․ - «Մի քիչ հանգիստ թողեք մեզի աշխատենք, եթե թողեն, բոլորն էլ կգան բոլորն էլ կաշխատեն էս երկիրը կշենացնեն: Էս երկիրը շատ կարճ ժամանակում կարելի է սարքել դրախտ, հավատացեք ինձ, որովհետև ինքը փոքր է՝ և տարածքով, և բնակչությամբ, շատ շուտ ստեղ իրավիճակ կարող է փոխվի: Եթե ընդամենը ցանկություն լինի, մի քանի տարվա մեջ սա կդառնա Սինգապուր»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ևս լուծումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում է տեսնում․ - «Եթե ուզում ենք ներդրումային դաշտում հավասար պայմաններ ապահովենք և վստահության մթնոլորտ ստեղծենք, քաղաքական քայլեր են պետք, որը, ցավոք սրտի, մեր այսօրվա իրավիճակում չկա»: