Ռուսաստանի հարավում` օտարերկրյա պետությունների օգտին լրտեսության մեղադրանքով այս պահին ճաղերի հետևում գտնվող անձանցից առնվազն երկուսը հայեր են: Այս մասին երեկ տեղեկացրել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Գործակալության թղթակիցը տեղեկացնում է, որ խոսքը Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի վարչության վարույթում գտնվող գործերի մասին է:
«Իրավապահները տեղեկացնում են, որ Անվտանգության ծառայության Կրասնոդարի երկրամասային վարչությունը ավարտին է հասցնում [ռուսաստանցի] զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական երկու գործերի նախաքննությունը: Երկու դեպքում էլ մեղադրանքը նույնն է` պետական դավաճանությունը», - հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` հավելելով, սակայն, որ իրավապահներից ստացած այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռևս առկա չէ: Հայտնի չէ նաև, թե հատկապես որ օտարերկրյա պետության օգտին էին լրտեսում ձերբակալվածները:
Քրեական գործերից մեկով անցնում է ռուսաստանցի մի զինվորական` Նահատակյան ազգանունով, ով ևս մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ: «Ուշագրավ է, որ մեղադրյալը շատ վատ է ռուսերեն խոսում, ուստի քննչական գործողություններին և դատական նիստերին թարգմանիչ է մասնակցում», - գրում է «Ինտերֆաքս»-ը` նշելով նաև, որ լրտեսության մեջ կասկածվող զինծառայողների ձերբակալությունները, որպես կանոն, համընկնում եմ ռազմական հակամարտությունների ակտիվացման հետ: «Զինծառայողների համար սահմանված պատիժը, որպես կանոն, նույնն է` ազատազրկում, զրկում կոչումից և պետության կողմից շնորհված պարգևների առգրավում», - ասում է գործակալության աղբյուրը:
Լրտեսության մեջ մեղադրվող մյուս հայի ազգանունը Քեսյան է: «Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ նա ճաղերի հետևում է գտնվում արդեն գրեթե մեկուկես տարի: «Սոչիի բնակիչ Քեսյանի տանը Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկություն անցկացրեցին Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր անց: Հաջորդ օրը Քեսյանը ձերբակալվեց հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Այդ օրվանից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն Քեսյանի մասին որևէ տեղեկատվություն չեն հաղորդում ոչ Անվտանգության ծառայության տեղական վարչության մամուլի ծառայությունը, ոչ էլ տարածաշրջանային լրատվամիջոցները», - գրում է «Ինտերֆաքս»-ը:
Ընդհանրապես, գործակալության պնդմամբ, Անվտանգության դաշնային ծառայության վարույթում գտնվող գործերի նախաքննությունը աչքի է ընկնում թափանցիկության գրեթե իսպառ բացակայությամբ:
Իրավապաշտպան «Ագորա» կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը «Ինտերֆաքս»-ի թղթակցին փոխանցել է, որ լրտեսության մեջ մեղադրվող անձանց թվաքանակի նման աճի պատճառը անվտանգության մարմինների որդեգրած քաղաքականությունն է:
«Լրտեսության և պետական դավաճանության հոդվածների քննությունը գտնվում է բացառապես անվտանգության ծառայությունների վարույթում, երկուսն էլ ազատազրկման ահռելի ժամկետներ են ենթադրում` համադրելի մի քանի սպանությունների հետ: Նման մեղադրանք կարելի է ներկայացնել ցանկացած մեկին: Իսկ նման գործերի թվաքանակի աճը վկայում է, որ հատուկ ծառայությունները ցանկանում են մենաշնորհ սահմանել երկրի ներքին քաղաքականության հանդեպ», - պնդում է իրավապաշտպանը: