Ռոբերտ Նազարյանը «ակնառու» է համարում էլեկտրաէներգիայի թանկացումը

Your browser doesn’t support HTML5

Էլեկտրաէներգիան կթանկանա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

«Հայկական էլեկտրական ցանցերն» (ՀԷՑ) առաջարկում է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով կամ ավելի քան 40 տոկոսով՝ 41.85 դրամից հասցնելով 58.93-ի։

«Մի քանի բաղադրիչներ կան սակագնում, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի։ Ինչ չափով, ինչ մեծությամբ, այդ մասին ես այսօր պատրաստ չեմ ասելու։ Թանկացման առաջին բաղադրիչը ակնհայտ դոլար-դրամ փոխարժեքն է»,- հայտարարեց Նազարյանը։

Հանձնաժողովը հայտն ուսումնասիրելու համար 88 օր ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց՝ սահմանված ժամկետից շուտ՝ հունիսի 9-10-ին դիրքորոշում կհայտնեն, թե արդյո՞ք հիմնավորված է ներկայացված հայտը և ի՞նչ սակագին պետք է սահմանել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հավաստիացումների համաձայն՝ ՀԷՑ-ի թույլ տված «շքեղությունները» չեն արտացոլվի սակագնի մեջ։

«Սակագնում այդ շքեղության որևէ էլեմենտ իր արտացոլումը չի գտնի»,- ասաց պաշտոնյան։

Ժողովրդի անվճարունակությունը Նազարյանը կառավարության խնդիրն է համարում.- «Այն չափով, որով սակագինը կբարձրանա, մեր կառավարությունը կգտնի հնարավոր միջոցներ, որպեսզի սոցիալապես անապահով խավերի համար [փոխհատուցի]»։

Ես պետք է հավասարակշռեմ բոլորի շահերը, այսօր ասում էր Նազարյանը։ Բայց կարծես ՀԷՑ-ի շահերն եք պաշտպանում՝ հարցին արձագանքեց.- «Ես իրականությունը և ճշմարտությունը ներկայացնելու ցանկություն ունեմ։ Ով ինչպես է գնահատում...»։

Նազարյանը նաև խոստումներ տվեց.- «Իհարկե, ծանր բեռ է, ծանր խաչ է, որ պետք է տանենք։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որ և այսօր, և վաղը, և տարիներ հետո մեր սերունդների առաջ ես չամաչեմ իմ արածից»։

Հանրապետական խմբակցության հրավերով այսօր խորհրդարանում էր նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։ Ավելի քան 4 ժամ քննարկումն ընթանում էր փակ դռների հետևում։ Մասնակցում էին նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Հանդիպման ավարտին Բիբինը հրաժարվեց շփվել լրագրողների հետ, նրան հարցերի տարափից «փրկեց» հենց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ տանելով ԱԺ-ի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից հսկվող սենյակի ուղղությամբ։

Վահրամ Բաղդասարյանը պնդեց՝ Բիբինը սակագնի բարձրացման հիմնավորումներ չի ներկայացրել, նրան ասվել է այն, ինչ անհրաժեշտ է, տրվել է մտորելու ժամանակ։

«Ինքը առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է՝ հետևություններ կանեն իրենք, պետք է գնան և նորից մտորեն այդ ուղղությամբ։ Հանձնաժողովը պարզապես իրենց ներկայացրած թվի հետ ունի տարաձայնություն, նրանք ուսումնասիրում են փաստարկները։ Օբյեկտիվ փաստարկների շրջանակներում հանձնաժողովը կկայացնի իր որոշումը»,- ասաց Բաղդասարյանը՝ պնդելով, որ եթե 17 դրամը չհիմնավորվի, ուրեմն կան մենեջմենթի խնդիրներ։

Այսօր ԱԺ-ում շարունակում էին անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումները։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հորդորեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հարցեր չտալ Ռոբերտ Նազարյանին, բայց պատգամավորները գայթակղությանը չդիմացան։

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հետաքրքրվեց Նազարյանից.- «Իմ ձեռքին են Բիբինի երկու հայտերը։ Իբր տեղի էր ունեցել վրիպակ։ 3.6 միլիարդի մասին է խոսքը, գրած էր ցեմենտ՝ 3.6 միլիարդ։ Սրա ապրանքները կան նաև հիմնական հայտի մեջ։ Այսինքն էս նոր ցուցակը համընկնում է նրա հետ։ Սա չի նշանակո՞ւմ, որ նույն ծախսերը երկու անգամ են ցույց տվել»։

«Չկա երկու հայտ, կա մեկ հայտ։ 3.6 միլիարդը ոչ միայն ցեմենտ է, այս սարքեր, սարքավորումներ և ցեմենտ։ Ես էլ հումորով ասացի՝ վերջում մի հատ էլ գրեիք գաջ, ինչո՞ւ ես մենակ ցեմենտ գրել։ Հետո փորձեցին այդ 3.6 միլիարդը հիմնավորել։ Ես ձեզ էսօր կարող եմ ասել, որ 3.6 միլիարդից մնացել է 0։ Որևէ բան մենք չենք ներառելու այդ 3.6 միլիարդից՝ ոչ սարք, ոչ սարքավորում, ոչ ցեմենտ, ոչ գաջ, ոչ այլ բան»,- պատասխանեց Նազարյանը։