Եվրոպացի պաշտոնյաները՝ ընդդեմ Ռուսաստանի «սև ցուցակի»

Ռուսաստանի ԱԳՆ-ի շենքը Մոսկվայում

Եվրոպայում թափ է հավաքում Ռուսաստանի կազմած «սև ցուցակի» քննադատությունը:

Ի պատասխան ուկրաինական ճգնաժամի հետևանքով Եվրամիության «սև ցուցակի», Մոսկվան անցյալ շաբաթ սեփական «սև ցուցակն» է կազմել՝ դրանում ընդգրկելով Եվրամիության 89 պաշտոնյաների, որոնց արգելում է մուտքը Ռուսաստան, ապա այդ ցուցակի օրինակներն ուղարկել է Եվրամիության անդամ երկրների դեսպանատներ:

Ռուսաստանի «սև ցուցակում» են, մասնավորապես, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարը, Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետը:

Եվրամիության ներկայացուցիչները տարակուսանք են հայտնում այդ ցուցակի կապակցությամբ և քննադատում այն՝ նկատելով, որ Ռուսաստանը խուսափում է մեկնաբանություններ և հիմնավորումներ ներկայացնելուց:

Ռուսաստանի «սև ցուցակում» վերջին ամիսներին Կրեմլին քննադատող պաշտոնյաներն են: 89 անունների ցուցակը կազմել են Ռուսաստանի պաշտոնյաները:

«Մենք չունենք այլ տեղեկություններ՝ իրավական հիմքերի, նախընտրությունների և այդ որոշման վերաբերյալ», - հայտարարել է Եվրամիության խոսնակը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այդ սահմանափակումները պատասխան քայլ են ավելի վաղ Ռուսաստանի 151 քաղաքացու «սև ցուցակում» ներառելու՝ Եվրամիության որոշման դեմ․ ԵՄ-ն ավելի վաղ արգելել էր 151 ռուսաստանցիների մուտքը իր տարածք, ինչպես նաև սառեցրել նրանց բանկային հաշիվները:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ ցուցակն ուղարկել է Եվրամիության անդամ երկրների դեսպանատներ:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ «Կրեմլի «սև ցուցակը» նպաստում է ապագա վստահության նվազեցմանը»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության՝ Ռուսաստանին հասցեագրված պահանջներից հետո արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ժամանելով Ուկրաինա, հայտարարել է, թե Մոսկվայի «սև ցուցակը» չի կարող նպաստել ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը:

Միացյալ Թագավորության արտգործնախարարության ներկայացուցիչը Լոնդոնում հայտարարել է՝ եթե Ռուսաստանը մտադիր է ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վրա, ապա Կրեմլի գործողությունը կունենա սոսկ հակառակ ազդեցությունը:

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն ափսոսանք է հայտնել, որ Կրեմլի պահվածքը դեռ չի կարող բարելավել Ռուսաստանի նկատմամբ առկա վերաբերմունքը, միևնույն ժամանակ բացատրություններ է պահանջել այդ «սև ցուցակի» առնչությամբ:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Թիմո Սոինին իր բլոգում ընդգծել է, որ Ռուսաստանի «սև ցուցակն» անսպասելի չէր, և անիմաստ է որակել հարցին չափազանց դրամատիկ վերաբերվելը: