Ըստ Թուրքիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի՝ Կիլիկիայի Սիս քաղաքում իր կենտրոնակայանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած հայցը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Ջոնսը հիշեցնում է, որ վեհարանը բռնագրավվել էր Թուրքիայի կողմից մոտ մեկ դար առաջ՝ հայերի զանգվածային սպանությունների ժամանակ:
Ըստ եկեղեցու խոսնակ Թենի Փիրի-Սիմոնյանի, հայցը շուտ չի քննվի:
«Այն մեր հավատքի ու ինքնության կենտրոնն է, ուստի եկեղեցին, հետ ստանալով իր վեհարանը, այդ բոլոր խորհրդանիշների մեջ կյանք է դնում: Կիլիկիո կաթողիկոսությունը ավելի քան հազար եկեղեցիներ, վանքեր ու այլ աղոթարաններ է թողել Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում, որոնցում մեր ժողովուրդը ապրում էր նախքան Ցեղասպանությունը», - ասել է Թենի Փիրի-Սիմոնյանը:
Ըստ որոշ թուրք վերլուծաբանների, պաշտոնական Երևանը ու հայկական Սփյուռքը հայցը դիտում են իբրև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով Անկարայի վրա գործադրվող ճնշում: Ըստ Ստամբուլի Սուլեյման Սահ համալսարանի քաղաքագետ Ջենգիզ Աքթարի՝ հայկական Սփյուռքը մեծ դեր է խաղում այդ հարցում:
«Գոյություն ունի երկու մեծ խումբ՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, որոնք հանդես են գալիս հայերի սեփականությունը բռնագրավելու կամ ուժի միջոցով ապօրինի վերցնելու մասին փաստաթղթերով», - նշել է Ջենգիզ Աքթարը:
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը նշում է, որ հափշտակված ունեցվածքի արժեքը տասնյակ միլիարդավոր դոլարներով է գնահատվում, սակայն Հայոց Պատրիարքարանը Ստամբուլում լռելյայն հետևում է հայցի ընթացքին:
«Ագոս»-ի թղթակից Ֆաթիհ Գյոկհան Դիլերի համաձայն, լռությունը, ըստ երևույթին, Կիլիկիո կաթողիկոսության հետ մրցակցության ու Թուրքիայի նկատմամբ վախի արդյունք է:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրությունների նախաշեմին խուսափել է մեկնաբանել հայցը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեռևս չի որոշել վարույթ վերցնել այն:
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, եթե հայցը վիժեցվի, ապա իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սակայն հունվարին Ստրասբուրգի դատարանը հօգուտ Թուրքիայի էր լուծել Ստամբուլում գտնվող շենքերից մեկը վերադարձնելու՝ տեղի հայկական հիմնադրամի հայցը:
Եվրոպական դատարանի ազգությամբ թուրք դատավոր Ռիզա Թուրմենը նախազգուշացրել է, որ դեռ շատ վաղ է ենթադրել, թե հայկական եկեղեցին հաջողելու է իր հայցում:
«Երբ դատարանում քննության են առնվում վաղուց անցած գործերը, իրավական շատ խոչընդոտներ են առաջ գալիս», - ասել է նա:
Հայկական սփյուռքի ու եկեղեցու հնարավոր հարյուրավոր հայցերի պարագայում Անկարան, ըստ պատմաբանների, առերեսվելու է դատական քննությունների ալիքի հետ, ընդ որում և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: