«Ո՛չ թալանին»-ը «պարապ չի նստի» մինչև հունիսի 19-ը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մայիսի 27-ի ակցիան Երևանում

Նախաձեռնությունը ձգտելու է եռապատկել, քառապատկել իր ակցիաների մասնակիցների թիվը:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մտադիր չէ «պարապ նստել» մինչև հունիսի 19-ը, երբ ծրագրում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հաջորդ ակցիան: «Մաքսիմալ կերպով աշխատելու ենք հարցի բարձրացումը այնպիսի մակարդակի հասցնել, որ հունիսի 19-ին երեկ չէ առաջին օրվա երթից եռակի-քառակի անգամ ավելի մարդ լինի դրսում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը:

«Մենք ի սկզբանե ընտրել էինք փողոցային պայքարի մեթոդաբանությունը, այսինքն՝ մենք չունենք ոչ մի քաղաքական ուժի, չգիտեմ, իշխանությունների հետ համագործակցելու կամ դիալոգի մեջ մտնելու ոչ մի շանս չունենք իրենց հետ կամ իրենք չունեն մեզ հետ մտնելու», - հայտարարեց Շուշանյանը՝ շարունակելով․ - «Որովհետև մենք ասել ենք ու հրապարակել ենք շատ կարճ ու հակիրճ, որ՝ «ոչ մի լումայի թանկացում, ու մեզ չի հետաքրքրում, թե ինչ ձևերով, ինչ մեխանիզմներով դուք կարող եք էդ ամեն ինչը անել»:

«Մինչև հունիսի 19-ը ցանկացած մեթոդներով, ինչը կարող է նպաստել ամսի 19-ի օրվան, մենք աշխատելու ենք էնպես անենք, որ հարցի լուծումը լինի դրական գնահատականով՝ ի օգուտ ժողովրդին ու հանրությանը», - վստահեցրեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախաձեռնությունը դատական հայց ներկայացնի ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Շուշանյանը արձագանքեց․ - «Դատական համակարգին դիմելու հարցով կարող եմ ասել, որ առհասարակ չի լինելու մեր կողմից նախատեսված նման բան, որովհետև դատական համակարգը այս պահին ենթարկվում է գործող իշխանությանը, այսինքն՝ ի օգուտ իրենց պիտի կայացնեն վճիռը․ մենք անիմաստ ռեսուրս ու ժամանակ ենք վատնելու դատական համակարգի մեջ մտնելու»: