Միշել Պլատինի. «ՈւԵՖԱ-ն դեմ է Զեպ Բլատերի վերընտրությանը»

Your browser doesn’t support HTML5

ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններից մեկ օր անց և կազմակերպության նախագահի ընտրություններից մեկ օր առաջ համաշխարհային ֆուտբոլը գրեթե պառակտման եզրին է:

ՖԻՖԱ-ի կազմում գործող ամենաազդեցիկ և հարուստ կառույցը` Ֆուտբոլային ֆեդերացիաների եվրոպական ընկերակցությունը (ՈւԵՖԱ) հայտարարում է. - «Զեպ Բլատերը պետք է հեռանա կազմակերպության ղեկավարի պաշտոնից»: Այս մասին մի քանի ժամ առաջ Ցյուրիխում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

«Ես անչափ սիրում եմ ՖԻՖԱ-ն, ես պաշտում եմ այդ կազմակերպության պատմությունը, սակայն, հետևելով վերջին իրադարձություններին, պարզապես չեմ կարողանում գտնել իմ տեղը: Իրականում այսօր շատ հստակ է` նման կերպ շարունակել չի կարելի», - հավելել է Պլատինին:

ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքով, այսօր կեսօրին իր ղեկավարած կազմակերպության անդամները հատուկ խորհրդակցություն են հրավիրել, որի ընթացքում որոշել են վաղը կայանալիք ընտրությունների ժամանակ քվեարկել Զեպ Պլատերի միակ մրցակցի` Հորդանանի արքայազն Ալի Բին Հուսեյնի օգտին:

«Այս որոշմանը հակված է ՈւԵՖԱ-ին մաս կազմող 44 ֆեդերացիաներից մոտ 42-ը: Երկու-երեք ազգային ֆեդերացիաներ դեռ տատանվում են», - նշել է Պլատինին:

ՈւԵՖԱ-ի նախագահը լրագրողներին նաև պատմել է, որ այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Զեպ Բլատերի հետ և նրան կոչ է արել հրաժարական տալ ու չմասնակցել վաղվա ընտրություններին:

«Երկար ժամանակ մենք աջակցում էինք նրան: Եկել է, սակայն, մի պահ, երբ դա անելն արդեն անհնարին է: Կարծում եմ, որ իրական ընկերության որակը հենց դիմացինին ճշմարտությունն ասելն է: Ես, իհարկե, նրա կրտսեր ընկերն եմ, Բլատերը միշտ ասում էր, որ ինքն իմ քեռին է, բայց ո՞վ, եթե ոչ ես, պետք է ասի նրան ողջ ճշմարտությունը», - նշել է Պլատինին:

ՈւԵՖԱ-ի ղեկավարի խոսքով, սակայն, Բլատերը պատասխանել է, թե ընտրարշավը լքելու համար շատ ուշ է, և ինքը պատրաստվում է մինչև վերջ շարունակել պայքարը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:

Իսկ ի՞նչ է անելու եվրոպական ֆեդերացիան, եթե Բլատերը, այնուամենայնիվ, վերընտրվի:

«Ելնելով նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքներից, մենք արդեն որոշում կկայացնենք: Չի բացառվում, որ մենք որոշենք չմասնակցել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի աշխատանքներին: Գուցե այլ որոշում կայացվի: Շատերը, սակայն, չեն ցանկանում այլևս որևէ առնչություն ունենալ այս ՖԻՖԱ-ի հետ», - ասել է Պլատինին՝ հատուկ ընդգծելով․ - «Կա՛մ մենք ինքներս ներսից կբարեփոխենք այս կառույցը, կա՛մ դա կարվի դրսից` Հետաքննությունների դաշնային բյուրոյի ջանքերով»: