«Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է և հայկական պետականության վերականգնման փայլուն սկիզբ», - այսօր Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, հայ ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչը և հոգևորականը. մենք կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով, հայկական պետականության ստեղծմամբ», - ասաց Հայաստանի նախագահը:
Նա ընդգծեց, որ Առաջին հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են․ - «Սակայն խորհրդանիշներից ավելի կարևոր են Առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալն են՝ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ, Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է», - ասաց Սերժ Սարգսյանը։
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ, խորհրդարանից դուրս մարդու իրավունքների համար ակտիվորեն պայքարող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ, ցավոք, երկրի նախագահի ուղերձում նշված պատգամներն այսօր իրականություն չեն․ - «Ցավալին այն է, որ այս մասին խոսում է մի անձ, ով այդ ամենին դեմ է, այդ ամենի կրողը չէ»:
Փոստանջյանը վստահեցրեց, որ պայքարելու են, որ Հայաստանն իրոք լինի համայն հայության տունը․ - «Անկախ նրանից, թե ինչպես կխոչընդոտեն մեզ մեր տանը ապրելուն, իսկ այսօր այդպես է․․․ ես ասում եմ, պնդում եմ և դրա համար պայքարելու եմ, որ, այո՛, Հայաստանը մեր բոլորիս տունն է»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ 25 տարվա անկախությունը մեզ իմաստուն չի դարձրել, չենք ստեղծել այն կառույցները, որ կպաշտպանեն մեզ տարբեր մարտահրավերներից: Կայացած միակ կառույցը, ըստ նրա, բանակն է, մինչդեռ չունենք ազգային ծրագիր, ազգային շահը չենք սպասարկում․ - «Հավաքական ուժի ներքո պետք է դրսևորենք մեր կամքը, իսկ կամքը հետևյալն է՝ օր առաջ ստեղծել իրավակարգ Հայաստան, որը մենք այս պահին չունենք»:
Անկախ Հայաստանի անվտանգության համար պայքարած, ղարաբաղյան պատերազմն անցած Ժիրայր Սեֆիլյանը ևս կարծում է, որ անցած 25 տարիների ընթացքում չենք կարողացել հասնել իրական անկախության․ - «Եթե Առաջին հանրապետության գոյությունը տևեց երկուևկես տարի, ապա այսօր կարող է տևել 25 տարի: Այսօր մեր երկիրը նորից կանգնած է պայմանական ասած՝ խորհրդայնանալու եզրին: Սակայն, ի տարբերություն 1918 թվի օրերին, մենք այսօր ունենք պատմությունից դասեր քաղելու հնարավորություն»:
Նրա կարծիքով, այսօր մոտ ենք այն եզրագծին, որից հետո անշրջելի կարող է դառնալ ինքնիշխանության կորուստը: Եվ փոփոխությունների հույսը նոր սերունդն է․ - «Անկախությունը տվել է մեզ նոր սերունդ: Ես կարծում եմ, ամենամեծ հարստությունն այսօր դա է: Եվ շնորհիվ առկա երիտասարդության մեզ հաջողվելու է դիմադրել և ի վերջո կերտել մեր պատկերացրած պետությունը: Այս ամբողջը ինքնանապատակ չէ․ պետության ստեղծման, կայացման գլխավոր նպատակը մեր ապագան երաշխավորելն է»:
1990 թվականին Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակագիրը ընթերցած Արամ Մանուկյանը նույնպես համարում է, որ այսօր Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է․ - «Մենք հիմա, այս պահին արագընթաց անկախության կորստի ճանապարհին ենք: Որովհետև անկախությունը դա դրոշ չէ, անկախությունը փուչիկ չէ, անկախությունը կենաց չէ, անկախությունը համերգ չէ․․․ Անկախությունը այնքան բարդ, ծանր համակարգ է, որի համար պետք է կռիվ տաս, այգի է, պետք է մշակես, չմշակես անտառուտը կդառնա վայրի մացառուտ և կգնա: Մենք էդ վիճակում ենք։ Երեկվա մեր երթը հրաշալի էր: Փառք Աստծո, որ կա գոնե երիտասարդություն, մնացել են այնքան ակտիվ մարդիկ»:
Ըստ Մանուկյանի, այսօրվա իշխանությունը անկախություն չի սիրում․ - «Չկա այս տանը հայր, տիրություն անող: Եվ կա անտարբերների մի մեծ զանգված: Եվ եթե մերոնք հանգիստ կամ անտարբեր են կամ լքում են, մենք կունենանք պատմության հերթական կորստի էջը»:
Նա, այդուհանդերձ, հուսով է, որ գործընթացներն անշրջելի չեն․ - «Չի լինի: Այս ձևի իշխանություն և այս ձևի սպասարկվող Գազպրոմներ, ՀԷՑ-եր, հարկային տեսչություններ, կոռումպացվածներով լցված կառավարություն․․․ չի լինելու: Կպայթի: Իհարկե լավ կլիներ, որ չպայթեր, բայց բոլոր դեպքերում ժամանակակից տեխնոլոգիաները, ժամանակակից քաղաքացիական խմբերը և քաղաքական ուժերը, փառք Աստծո, կան: Եվ ես վստահ եմ, որ մենք կունենանք լիաթոք անկախություն նշելու հնարավորություն»: