Տաքսու վարորդ Համբարձումը կատարել է բոլոր մուծումներն ու մեքենայի դիմապակուն փակցրել տեխզննման կտրոնը, բայց չգիտի՝ ինչի համար։
«Պատկերացրեք, չգիտեմ, ուղղակի թուղթ է առնում ենք, կպցնում ենք և վերջ. ոչ մի ստուգում, առանձնապես ոչ մի բան չենք հասկանում՝ ինչի համար է դա», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդը։
Տեսախցիկների ու արագաչափերի տուգանքերից դժգոհող վարորդների համար սա լրացուցիչ ծախս է:
Չորս տարի առաջ Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշեց՝ այսուհետև պարտադիր է միայն գումար մուծելը։ Գործադիրի տվյալներով, միևնույնն է վարորդները կաշառք էին տալիս տեխզննման կենտրոններին, որպեսզի ազատվեին ավելորդ գլխացավանքից, ու առանց մեքենան ստուգելու կտրոնը կնքվեր:
Բարեփոխումից հետո ստուգումն այլևս պարտադիր չէ․ բանկում մուծելով գույքահարկը, բնապահպանական ու տեխզննման վճարը՝ կտրոնն արդեն կարելի է փակցնել:
Ճանապարահային ոստիկանությունը Համբարձումից երբևէ չի հետաքրքրվել՝ ինչու մեքենան չի տարել ստուգելու, կարևորը կտրոնն ունենա, այն դեպքում, որ վարորդն ինքն էլ գիտի՝ տաքսիները ռիսկային խմբում են, մարդկային կյանքերի հետ գործ ունեն։
«Ստիպված ենք անել, չենք կարող չմուծել, նույնիսկ մի անգամ մոռացել էի այդ թուղթը կպցնել 20 հազար տուգանք եկավ», - ասաց վարորդը։
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Էդուարդ Հովհաննիսյանը հիշում է՝ համակարգը ներդնելուց ոգևորված էին՝ վերջապես սարքին մեքենաներ դուրս կգային փողոցներ, բայց հետո պարզվեց՝ պետության նպատական այլ էր։
«Ուղղակի գումարները բյուջե լցնելու համար է արված, ոչ մի քայլ մինչև հիմա չի արվում, որ իրոք անցկացվի տեխզննումը», - ասաց Հովհաննիսյանը։
«Աքիլլես» ընկերության հաշվարկներով՝ վարորդների ընդամենը հինգ տոկոսն է կտրոնը ձեռքին մեքենան բանկից տանում տեխզննման, և քանի որ ծառայություն չի մատուցվում, այդ գումարները գնում են ուղիղ պետբյուջե։
«Այսօր, փաստորեն, Կառավարությունն ասում է՝ ստացի կտրոնը, փակցրու պատուհանին ու մեքենան համարվում է տեխզննում անցած։ Էդ ո՞նց», - ասաց ընկերության ղեկավարը։
Միաժամանակ Էդուարդ Հովհաննիսյանը դժգոհում է, որ զննումն էլ ոչինչ չի փոխում․ վեց տասնյակից ավելի պարտադիր ստուգումներից կյանքի են կոչվում ընդամենը մի քանիսը, հաճախ դա էլ չեն անում։
«Մեքենան չի էլ մտնում էդ բոքսը։ Այսինքն՝ ամբողջությամբ սա ձևական բնույթ է կրում միայն գումար հավաքելու համար մեր պետբյուջե», - ասաց Հովհաննիսյանը։
Ընդ որում, եթե անգամ տեխզննումից հետո վթար լինի մեքենայի անսարքության պատճառով, պատասխանատվությունը, միևնույն է, մնում է վարորդի ուսերին։
«Եթե պատասխանատվությունը կրում է վարորդը ուրեմն էդ տեխզննումը ի՞նչ է պետք», - ասաց Հովհաննիսյանը։
Իսկ ամեն օր հազարավոր ուղևորների փոխադրող հասարակական տրանսպորտի դեպքում հնամաշ գազելները սարքին կլինեն թե՝ ոչ, իրավապաշտպանի խոսքով, գծատերերը թողել են վարորդների խղճին:
Ոստիկանությունում, սակայն, դրական վիճակագրություն ունեն. մեքենայի անսարքության պատճառով վթարները շատ քիչ են։ Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանն ասում է՝ պարտավորված չեն ստուգել՝ մեքենան տեխզննում անցել է, թե՞՝ ոչ, բայց գնդապետը պնդում է՝ կտրոնը փակցնելն անհրաժեշտ է։
«Ձևական չէ, որովհետև էդ մուծված պետտուրքերի մեջ մտնում է նաև տեխզննություն անցնելու պետական տուրքը։ Ցանկացած մարդ էդ գումարները մուծելուց հետո կարող է գնալ տեխզննության կայան», - ասաց Սարգսյանը։
Վարորդներին պետության պարտադրած մյուս վճարի՝ ԱՊՊԱ-ի ներդրումից մեկ տարի անց պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ապահովագրողները գերշահույթ են ստանում, տարեկան վճարը պետք է նվազի:
Տեխզննման մասով դաշնակացական գործիչն առհասարակ ավելորդ է համարում տարեկան մինչև 13 հազար դրամ մուծելը՝ պնդելով, որ այս գումարը կարելի է ներառել ԱՊՊԱ-ի վճարի մեջ՝ ծառայությունները դարձնելով միասնական։
«Ստացվում է, որ այն նպատակը, որի համար պետք է վճարվեր այդ գումարը, այդ ծառայությունը չի ստանում քաղաքացին, արդյունքում տուժում է թե՛ անվտանգության համակարգը՝ ավտոմեքենաների շահագործման, և թե՛ քաղաքացին ավելորդ գումար է մուծում», - ասաց Մինասյանը։