Հոսանքի թանկացումը մտահոգում է նաև իշխող կուսակցությանը

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան, արխիվ

«Մենք պետք է անհիմն թանկացումները ցանկացած ձևով կանխենք», - շեշտում է Հանրապետական խմբակցության քարտուղարը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցնում է՝ հոսանքի թանկացումները մտահոգում են նաև իշխող կուսակցությանը։

«Իշխող կուսակցությունը երբեք իրեն ժողովրդից առանձին չի պահում, միևնույն մտահոգությունը նաև ունի ինքը, և կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտը անպայման մանրամասն ուսումնասիրվի, և այն բոլոր ներկայացված պահանջները կամ հայտում առանձնացված այն խնդիրները, որ ՀԷՑ-ի կողմից առանձնացվել են, յուրաքանչյուրն առանձին քննարկման առարկա պետք է դառնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ իշխող ուժը օգտագործի իր լծակները՝ կանխելու հոսանքի նոր թանկացումը, Հանրապետական խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Ցանկացած պարագայում մենք պետք է անհիմն թանկացումները ցանկացած ձևով կանխենք»։

Երեկ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիա և երթ տեղի ունեցավ Երևանում, կայացան ակցիաներ նաև երկրի մյուս քաղաքաներում։ Երևանում բազմահազարանոց երթին մասնակցում էին նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրապետական կուսակցությունը, սակայն, օրեր առաջ հայտարարեց, որ հանրահավաքային պայքարին չի միանալու։

«Հանրապետականը ընդհանրապես միտինգային տրամադրություններ երբևէ չի ունեցել», - ասել էր Գագիկ Մելիքյանը։

Հիշեցնենք՝ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել, որով ռուսական ընկերությունը առաջարկում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 17 դրամով: