Սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը, որ արդեն 19 տարի ազատազրկման մեջ է, այսօր Նուրբարաշեն քրեակատարողական հիմնարկում անցկացված դատական նիստում պահանջեց դատարանին առ ոչինչ համարել գլխավոր դատախազության՝ իր գործը վերանայելու մերժման որոշումը և ստիպել դատախազությանը վարույթ հարուցել:
Դատապարտյալը պնդում է, որ ի հայտ եկած նոր հանգամանքները բավարար հիմք են գործը վերաբացելու համար, սակայն, Ենոքյանի պնդմամբ, դատախազությունը պարզապես անտեսում է դրանք:
Սպանության դեպքը տեղի էր ունեցել 1996 թվականին, Ենոքյանը դատապարվել էր մահապատժի: Դատավճիռը փոխվել է ցմահ բանտարկության 2003 թվականին, երբ Հայաստանում վերացվեց մահապատիժը:
Այսօր էլ Ենքոյանը շարունակում է պնդել՝ ինքը Իոսիֆ Աղաջանովին չի սպանել և համակուրսեցու սպանության ժամանակ վկայի դերում է եղել: Հիշեցնենք, որ 1996 թվականին տեղի ունեցած հանցագործության մեկ այլ մասնակից էր Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանը, ով իրեն մեղավոր էր ճանաչել և դատապարտվել 15 տարվա ազատազրկան: Հարությունյանն արդեն ազատության մեջ է:
«Լև գրուպ» փաստաբանական ընկերությունը, ուսումնասիրելով գործը եկել է եզրակացության, որ այստեղ կան շատ հակասություններ, և դատավճիռը կայացվել է առանց հիմքերի: Գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը թարգմանվել, նոտարով հաստատվել և ուղարկվել են Նիդերլանդների անկախ փորձագիտական կենտրոն:
Ենոքյանն ասյօր դատարանին ներկայացրեց եվրոպական այս անկախ կառույցի եզրակացութոյւնը․ - «ԴՆԹ անալիզ չի արվել՝ տեխնիկական հնարավորություն չլինելու պատճառով: Լավ, այդ դեպքում ինչո՞ւ չի արվել մատնահետքաբանական փորձաքննություն: 19-րդ դարից են դա անում: Մարդուն մահապատժի եք տվել՝ չանելով մատնահետքաբանական փորձաքննություն, չանելով քննչական փորձարարություն, չանելով դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն»:
2012 թվականի հոկտեմբերի 9-ին առաջին ատյանի դատարանը մերժել է Մհեր Ենոքյանի գործի վերանայման դիմումը: Ենոքայնն ու իր փաստաբանները պարզել էին, որ սպանության գործիքը ճանաչած ընթերականերից մեկը ընդհանրապես գոյություն չունի՝ այսպիսի անուն-ազգանունով մարդ չի հայտնաբերվել:
Մյուս ընթերական, ըստ Ենոքյանի, ցուցմունքներից մեկում խոստովանել է, թե ընդհանարպես չի ճանաչել Ենոքյանին․ - «Նոր հանգամանքեր են հանդես գալիս, որ ընթերականեր գոյություն չեն ունեցել, դրանք կեղծիք են․․․ Դուք ասում եք, չէ՝ Ենոքյան գնա մեռի․․․ Դա նոր հանգամանք չի, դատական ակտով դա պետք է հաստատվի: Իսկ ինչպես պարզեցինք՝ դատական ակտով դա չի կարող հաստատվել, օրենսդիրը պարտադրում է վարույթ հարուցել: Եվ այսքանից հետո այսօր բերվում է սա որպես նոր հանգամանք և գլխավոր դատախազությունը նորից մահապատճի դատավճռից 19 տարի անց ասում է՝ գիտեք ինչ, հաջողություն, շատ էլ քո Եվրոպան մեզ ինչ-որ փորձաքննության եզրակացություն է ուղարկել, Հայաստանի համար սա հիմք չի: Բա ի՞նչն ա Հայաստանի համար հիմք․․․», - վրդովվեց Ենոքյանը:
Իրավաբանի կրթություն ստացած Ենոքյանը պնդում է՝ այսպիսի վարույթներ Եվրոպայում և ԱՄՆ-ում, Ռուսաստանում տարեկան հարուցվում են հարյուրներով: Դրանց զգալի մասը վերանայվում են, և անձին արդարացնում են կամ պատիժը թեթևացնում․ - «Արդեն 14 տարի է Հայաստանում ոչ մի գործ չի վերաբացվում: Ստացվում է, որ Հայաստանի արդարադատութոյւնը երբեք չի սխալվում, և երբեք սխալ դատավճիռներ չի կայացնում»:
Դատական նիստն այսօր հետաձգեց, որովհետև այն շարունակելու համար Ենոքյանին պաշտպան է անհրաժեշտ: