Պաշտոնական այցով Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության նախարարը

Armenia -- Ministers of Defense of Cyprus and Armenia sing a document on cooperation, 27 May, 2015

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների պաշտպանության նախարարները այսօր համաձայնեցրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետևյալ առաջնահերթ ոլորտները. բարձր և աշխատանքային մակարդակի փոխայցելություններ ու շտաբային բանակցություններ, համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացում, տարբեր ոլորտներում փորձի փոխանակում և զինվորականների հանգստի կազմակերպում:

Օհանյանը և Ֆոկաիդիսը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-կիպրական երկկողմ համագործակցության 2015 թվականի պլանը։