Սիրիահայ գործարարներին չի գոհացրել Կառավարության աջակցությունը. նրանք կրկին խնդրում են վարչապետին՝ փրկել բիզնեսն ու կանխել իրենց արտագաղթը։
Սիրիական ճգնաժամից հետո Հայաստան տեղափոխված սիրիահայերը դեռ երկու ամիս առաջ էին Կառավարությունից խնդրել՝ կես տարով սառեցնել վարկերի տոկոսադրույքների մարումը։ Բողոքից հետո նրանց էր հանդիպել Կառավարության կողմից սիրիահայերին արտոնյալ վարկեր տրամադրող Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։
Ըստ գործարարների, պաշտոնյան առաջարկել էր հայտ ներկայացնել՝ քննարկելու իրենց առաջարկը։ 31 գործարարների ներկայացված հայտից անցած երկու ամսվա ընթացքում բավարարվել է ընդամենը 7-ը։ Մերժվածները կասկածի տակ են դնում Կառավարության անաչառությունն այս հարցում՝ պնդելով, որ իրենց որոշման պատճառները չեն պարզաբանել։
«Քիչ առաջ ասացի, որ այդ մարդը վեց ամիս է վերցրել է վարկը, էդ մարդը հերթականորեն վճարում է։ Իրեն ասել են, թե 15 տոկոսը պետք է վճարած լինես էդ գումարի, որ մենք կարողանանք այդ հայտն ընդունենք», - ասաց սիրիահայ գործարար, տեքստիլի ոլորտում աշխատող Հրաչ Բալ-Մանուկյանը։
«Հիմնական հարցը էդ է, որ ՓՄՁ ազգային կենտրոնը ինչ-որ տեղ մենք զգում ենք, որ մեզ հետ վարվում է թշնամիաբար: Մենք թշնամի չենք, մենք սիրիահայեր ենք, հայրենակիցներ ենք, էս երկիրը մեր երկիրն է: Մենք եկել ենք մեր երկիրը զարգացնելու համար», - ասաց գործարարներից մեկը:
Սա բիզնեսի փակում է նշանակում, բողոքում էր մերժվածների ցանկում հայտնված Ջորջ Փետուրյանը։ Սկզբնական շրջանում հեշտությամբ տոկոսադրույքները վճարող Ջորջը դրամ-դոլար տատանումներից հետո սկսել է հազիվ ծայրը ծայրին հասցնել․ - «Իրանք ձևեր շատ-շատ ունեն մեզ օգնելու համար, բայց իրանց հետաքրքիր չէ»:
Որոշ գործարարների ընդառաջելու, մյուսներին մերժելու որոշումը անհասկանալի է շատերի, անգամ կառավարությունից արտոնություններ ստացած սիրիահայերի համար։ Ձուլագործությամբ զբաղվող Ներսես Կելիկյանի վարկի մարումը կես տարով սառեցվել է։ Ներսեսը, մինչդեռ, ասում է՝ ավելի լավ կլիներ, որ ընկերներին ընդառաջեին, ինքը անցած ամիսներին քիչ թե շատ հաջողել է տոկոսադրույքները վճարել։
Կառավարության արտոնյալ պայմաններով վարկերից օգտվող սիրիահայ գործարարները հիշեցնում են՝ ի սկզբանե կառավարությունը նրանց խոստացել էր ոչ միայն էժան վարկերով օգնել, այլև աջակցել շուկա գտնելու հարցում։ Սիրիահայերի խոսքով, կարող են ավելի էժան գներով իրենց արտադրանքը վաճառել նաև պետական կառույցներին:
«Գեղամ Պետրոսյանին ասել եմ՝ մեծ կազմակերպություն եք, շատ կոնտակտներ ունեք, լիքը մարդ եք ճանաչում, կազմակերպություններ: Թիֆլիսում, Եվրոպայում ահագին մարդ կա, որ դուք կոնտակտի մեջ եք՝ մեզ գործ տվեք: Չէ, չեն աջակցում», - նշեց Կելիկյանը:
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից «Ազատության»-ը փոխանցեցին՝ սիրիահայերի բողոքին կպատասխանեն վաղը։