Միացյալ Նահանգներում Հիշատակի օրը հնարել էին նախկին ստրուկները: 150 տարի առաջ ստրկությունից ազատված մի խումբ մարդիկ հավաքվեցին Միացյալ Նահանգների Հարավային Քերոլայնա նահանգում՝ իրենց ազատագրած զինվորներին հարգանքի տուրք մատուցելու և զոհված զինվորների տապանաքարերը հարդարելու նպատակով:
Երեք տարի անց գեներալ Ջոն Լոգանի հրամանով այդ օրը հայտարարվեց Հիշատակի օր, Միացյալ Նահանգների ազգային տոներից մեկը, որի ընթացքում խորհուրդ էր տրվում մի կողմ դնել բոլոր գործերը և զբաղվել երկրի ազատության պաշտպանության ընթացքում զոհված զինվորների գերեզմանների հարդարմամբ և հարգանքի տուրքի մատուցմամբ:
Այսօր Հիշատակի օրը նշվում է որպես ամերիկյան բոլոր զոհված զինվորների հիշատակի օր: Ավանդույթի համաձայն՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մասնակցեց ԱՄՆ-ի Արլինգտոնի ազգային պանթեոնում անցկացվող պատվո արարողություններին:
Օբամայի խոսքով՝ զոհված զինվորները հայրենիքի համար ամենամեծ զոհաբերության են գնացել և արժանի են հավիտյան հիշատակի:
«Չնայած պատերազմի բնույթն այս ընթացքում փոխվել է, այն արժեքները, որոնցով առաջնորդվում են մեր զինվորականները, մնում են անփոփոխ, դրանք են՝ պատիվը, արիությունը, և անձնազոհությունը. արժեքներ, որոնք ապրում են յուրաքանչյուր հերոսի սրտում»,- ասաց ԱՄՆ-ի նախագահը:
Նախագահ Օբամայի խոսքով, այս տարի Հիշատակի օրվա արարողությունները հատուկ նշանակություն ունեն՝ 14 տարիների ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգները չի մասնակցում լայնածավալ պատերազմական գործողությունների:
«Միացյալ Նահանգների դրոշի տակ եղբայրներ դարձան տարբեր ճակատագիր և պատմություն ունեցող մարդիկ, միավորված հանուն ընդհանուր նպատակների, որպեսզի պաշտպանեն մեր ազատությունը և անվտանգությունը»,- ասաց Օբաման՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է ավելի լավ գիտակցեն ծառայող զինվորականների զոհաբերության աստիճանը: