Գաղտնալսումների հարցը ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում է

ԱՄՆ-ի լրտեսական գործակալությունն այս շաբաթվանից դադարեցնում է ամերիկացիների հեռախոսազրույցների ձայնագրումը, քանի որ Կոնգրեսը չընդունեց գաղտնի այդ ծրագիրը հունիսի 1-ից հետո երկարաձգելու մասին որոշում։

Անցյալ շաբաթ օրը կեսգիշերին ԱՄՆ-ի սենատորները դեմ քվեարկեցին այն բանաձևին, որն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը թույլ կտար ևս երկու ամիս շարունակել հեռախոսազրույցների ձայնագրումն ու գաղտնալսումը։

Կոնգրեսականների մի մասը գտնում է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ազգային անվտանգության գործակալությանը հարկավոր է տալ յուրաքանչյուրին գաղտնաբար լսելու իրավունք, մյուս մասը պնդում, թե այն անձի գաղտնիության իրավունքի ոտնահարում է։

Սենատի այս դիրքորոշումը մեծապես մտահոգում է հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելին։ Նա հարց է տալիս, թե արդյոք ճիշտ կլիներ հետախուզությանը զրկել հեռախոսազրույցները գաղտնալսելու իրավունքից։

«Չէ՞ որ դրանք մեծապես են օգնում կանխելու ահաբեկչական ծրագրերը»,- ասում է նա։

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլի կարծիքով՝ յուրաքանչյուրի մասին է հարկավոր ունենալ մանրամասն տեղեկություններ։ «Պատմության մեջ լինում են պահեր, երբ առկա վտանգը ստիպում է զիջումներ կատարել ազատությունների հարցում։ Այսինքն ահաբեկչությունները կանխելու համար կարելի է նաև որոշ չափով կրճատել ամերիկացիների ազատությունները, այս դեպքում՝ գաղտնիության իրավունքը»,- ասում է նա։

Նախագահ Բարաք Օբաման հայտարարում է, թե հեռախոսային ձայնագրությունները պիտի մնան հեռահաղորդակցության ընկերություններում այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի ստացել դրանք լսելու համար դատարանի արտոնագրեր։ Այս օրինագիծը ընդունվել է Ներկայացուցիչների պալատում, սակայն մերժվել՝ Սենատում։

Սենատորները վերադառնալու են արձակուրդն ավարտվելուց մեկ օր շուտ, որպեսզի որոշում ընդունեն: Սակայն եթե Սենատն ընդունի որոշում, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները չի խոստանում, որ նույնը կարվի իր պալատում։

«Միայն Սենատի գործողություններից հետո մենք կմտածենք, թե ինչ որոշում ենք կայացնելու»,- ասել է նա։

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հեռախոսազրույցները ձայնագրել ու գաղտնալսել սկսել է 2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո ընդունված «Հայրենասիրության գործառույթ» անվանումը ստացած օրենքի հիման վրա, որի նպատակն է պետական մարմիններին տալ ահաբեկչական գործողությունները կանխելու ավելի մեծ լծակներ։