Ռիչարդ Միլս. Անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը Հայաստանի հետ ամուր է

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Սահմանապահ զորքերի գլխավոր շտաբում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանի և Հայաստանի Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հետ, ծանոթացել է ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներին։ Այս մասին հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այս «տեխնիկական միջոցների օգնությամբ սահմանապահները կարողանում են կանխել զանգվածային բնաջնջման զենքերի, կենսաբանական վտանգ պարունակող ու այլ վտանգավոր նյութերի փոխադրումը Հայաստանի սահմաններով»:

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը գործակցում են հանուն ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարություն, անվտանգություն և խաղաղություն թե՛ Հայաստանում, և թե՛ տարածաշրջանում», - ասված է հաղորդագրությունում։

Դեսպանատունը, վկայակոչելով դեսպան Միլսին, նշում է. - «Մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում ամուր է և արդյունավետ, և մենք պատրաստակամ ենք շարունակելու և զարգացնելու այն Հայաստանի հետ»։