Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը սպառնում է՝ մեղավորները պատիժ կստանան

Your browser doesn’t support HTML5

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մեղավորները ոչ միայն իրավական պատիժ են ստանալու, այլև ազգային երկրապահ պատիժ են ստանալու», - ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, Սյունիքի ԵԿՄ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ մարզպետի նկատմամբ օրեր առաջ իրականացված մահափորձի մեղավորներին իրավականից բացի նաև այլ պատիժ է սպասվում։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեղավորներն անպատիժ չեն մնալու, ոչ միայն իրավական պատիժ են ստանալու, այլև ազգային երկրապահ պատիժ են ստանալու, ազատամարտիկի կողմից», - ասաց Հովհաննիսյանը։

Թեև Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը չցանկացավ հստակեցրեց, թե ինչպիսի պատժի մասին է խոսքը, բայց հավելեց. - «Լինելու է սարսափելի»։

«Գնահատում եմ մարզպետի խորհրդականի անկեղծությունը», - Վոլոդյա Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ նշելով՝ «քանի դեռ պետական կառավարման համակարգում կան այսպիսի խորհրդականներ, Հայաստանը հեռու է իրավական պետություն լինելուց»։

«Ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխողների կամ իշխանամերձ շրջանակներից հնչում են կարծիքներ, որոնք շատ ավելի անկեղծ են, քան իրականում ասում են օսլայած օձիքով պաշտոնյաները. երբ որ ասում են՝ Հայաստանը իրավական պետություն է, դիմեք դատարան, օրենքի շրջանակներում, մենք չենք խառնվում նախաքննությանը և այլն։ Բայց ժամանակ առ ժամանակ հնչում են անկեղծ կարծիքներ, ինչպիսիք էին, օրինակ, Սեյրան Սարոյանի ասածը՝ «հայհոյանքի դեպքում, պետք է պատժվես», Արամ Մանուկյանին, ինչպիսին էր Մանվել Գրիգորյանի ասածը հայտնի ՀՀԿ խորհրդում, երբ որ ասաց՝ «մուրճն էլ է քո ձեռքը, մեխն էլ, նալն էլ», այսիքն՝ ինչ ուզում ես, արա, այսինքն՝ օրինականության մասին խոսք չկա, և այդ նույն համատեքստում կարելի է նայել նաև Վոլոդյա Հովհաննիսյանի ասածը՝ «այսինքն՝ կգործենք այնպես, ինչպես գործել ենք, ինչպես ծեծել ենք, ինչպես ջարդել ենք, ինչպես սպանել ենք, այսինքն՝ օրենքից դուրս», - ասաց իրավապաշտպանը։

Օրեր առաջ՝ Գորիս-Կապան ճանապարհին մոտ երկու տասնյակ կրակահերթեր էին արձակվել մարզպետին տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ, տասնյակ գնդակներ խոցել էին մարզպետին տեղափոխող «Լեքսուս»-ը։ Ըստ մարզպետի խորհրդականի, միջադեպից վնասվել են Սուրիկ Խաչատրյանի ձեռքերը։

«Երբ առաջին կրակոցները եղել են, Սուրիկ Խաչատրյանը կրակոցի ժամանակ մեխանիկորեն ձեռքերը բարձրացրել է, և այդ պահին, այդ ապակիների հարվածից վնասվել են ձեռքերը, երբ ինքը հրաման է տվել մեքենան ձախ թեքվի՝ թմբի հետև, որպեսզի չխոցվեն, այդ շրջանում դիմապակու վրա մարզպետի վարորդի ուղղությամբ հինգ կրակոց է եղել», - ասաց Հովհաննիսյանը։

Խորհրդականը տեղեկացրեց, որ կրակոցներից հետո Սուրիկ Խաչատրյանը եղել է դատաբժշկի մոտ։ «Առաջին բուժօգնությունն է ստացել, իհարկե, տանն է ստացել բուժօգնությունը, բայց դատաբժիշկները և բժիշկը իրեն հետազոտել են, վիրակապել են, մենք ներկա ենք եղել։ Այսինքն՝ առողջական վիճակը լավ է, ավելի շատ ինքը հոգեկան ծանր վիճակի մեջ է, որովհետև շատ վիրավորված է, որ արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքով անցել է, և այսօր ինչ-որ ճիվաղներ, չենք կարող ասել՝ ովքեր են կազմակերպիչները, իրականացնողները, բացահայտվելու է դա, ինչ-որ մեկը մահափորձ է կատարում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի նկատմամբ, ով այս երկրի համար շատ բան է արել», - ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս, ավելի վաղ, «Ազատության»-ը տված հարցազրույցում պնդել էր, թե Ավետիք Բուդաղյանի սպանության գործով կալանավորված, ապա ինքնապաշտպանության հիմնավորմամբ ազատ արձակված մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով այժմ անցնում է նաև Գորիսում տեղի ունեցած ծեծկռոտքի գործով՝ Հայաստանի Հանրապետության 1000 երիտասարդներից 900-ից լավն է։ Ավելին, ըստ խորհրդականի, աղմկահարույց այդ միջադեպերից հետո՝ երեկ մի քանի հարյուր մարդ է հավաքվել մարզպետի Գորիսի տան մոտ՝ աջակցություն հայտնելու Սուրիկ Խաչատրյանին։