Գլխավոր դատախազը կուսումնասիրի Գորիսի ծեծկռտուքի գործը

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկուշաբթի կպահանջի Գորիսում մայիսի 12-ին տեղի ունեցած խուլիգանության առթիվ հարուցված քրեական գործը՝ տեսնելու արդյոք ճի՞շտ քրեական գնահատական է տրվել Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ներգրավվածությանը։

Սուրիկ Խաչատրյանի որդին, հիշեցնենք, գործում որպես վկա է ներգրավվել։ Գործը քննում է Քննչական կոմիտեն։ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժող ճանաչված Հարութ Զաքարյանը աչքի լուրջ վնասվածք էր ստացել, նրա եղբայրն էլ քթի կոտրվածք ուներ։ Զաքարյանները մարզպետի որդուն են մեղադրում կատարվածի համար։

«Երկուշաբթի օրը ես կպահանջեմ գործը և դեռ կտեսնեմ, թե ով ինչ քննություն է արել, և արդյոք ճիշտ իրավական գնահատականներ տրվե՞լ են, թե՝ չեն տրվել»,- լրագրողներին ասել է Կոստանյանը։

Աստղիկ Բեդևյան