Ղրղըզստանի նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին անդամակցելու մասին օրենքը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաև, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր ստորագրել է երեկ խորհրդարանի կողմից ընդունված՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) երկրի անդամակցելու մասին օրենքը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ այսօրվանից օրենքն ուժի մեջ է մտել։

Այժմ փաստաթուղթը պետք է վավերացնեն ԵՏՄ-ի անդամ բոլոր պետությունների խորհրդարանները, ինչով կբացվի սահմանը Ղրղըզստանի և ԵՏՄ մյուս երկրների միջև։

ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ Ղրղըզստանը մտադիր է խնդրել ԵՏՄ-ի անդամ բոլոր պետությունների խորհրդարաններին՝ որքան հնարավոր է շուտ վավերացնել պայմանագիրը և չհետաձգել մինչև աշուն։

«Մտնելով ԵՏՄ՝ մոտ 200-միլիոնանոց շուկա կբացվի մեր ապրանքների համար, մենք կդադարենք սպեկուլյատիվ տնտեսություն լինել ու դինամիկ զարգացում կունենանք», - ասել է Աթամբաևը։

ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։

Ղրղըզստանը կդառնա ԵՏՄ-ի հինգերորդ երկիրը՝ միությանն այս պահին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: