Ուկրաինան ահաբեկչության մեղադրանք է առաջադրել երկրի արևելքում ձերբակալված ռուսաստանցի երկու զինծառայողներին: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական անվտանգության ծառայությունը։
Ձերբակալված զինծառայողներ Եվգենի Երոֆեևին ու Ալեքսանդր Ալեքսանդրովին թույլատրվել է զանգահարել Ռուսաստան՝ հարազատներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից մեկը։
Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Ուկրաինայի արևելքում ընթացող ռազմական գործողություններին։
Ուկրաինայում ռուս զինծառայողների մահվան դեպքերը ուսումնասիրող ակտիվիստները, մինչդեռ, հայտարարել են, որ չնայած հրադադարի մասին համաձայնագրին՝ Ուկրաինայի արևելքում լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Ռուսաստանի հետախուզության գլխավոր վարչությունը։ Ակտիվիստները գտել են գերեզման, որում թաղված երեք զինվորականները, ըստ նրանց, Տամբովում տեղակայված ռուսական հետախուզական բրիգադից են։