Ոստիկանապետը՝ Գորիսի դեպքի մասին. «Ոստիկանությունն ինքն է ընտրում իր մարտավարությունը»

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանությունն ինքն է ընտրում՝ ինչ մարտավարություն կիրառել, այսօր հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է որ իրավապահները չկարողացան երկու շաբաթ շարունակ բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն:

Տիգրան Խաչատրյանը իրավապահ մարմիններին ինքնակամ ներկայացավ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից 14 օր անց:

Ինչո՞ւ ոստիկանությունը չկատարեց Քննչական կոմիտեի որոշումը մարզպետի որդուն բերման ենթարկելու վերաբերյալ հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց.- «Քննիչը քննվող գործի շրջանակներում կարող է ցուցումներ, հանձնարարականներ իջեցնել։ Թե ինչպիսի մարտավարություն է ընտրում ոստիկանությունը, արդեն ոստիկանության գործն է, և ոստիկանությունը ղեկավարվում է օրենքով»։

Թեև Սյունիքի մարզպետ, հանրապետական Սուրիկ Խաչատրյանը միջադեպից օրեր անց «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, թե որդին Հայաստանում է, ոստիկանապետն այսօր հակառակը հայտարարեց։ Ասաց՝ այդ միջադեպից հետո Տիգրան Խաչատրյանը Հայաստանում չի եղել:

«Կարծում եմ՝ Ուկրաինայում, Օդեսա քաղաքում է եղել»,- ասաց Գասպարյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է Տիգրան Խաչատրյանին հաջողվել հատել սահմանը, ոստիկանապետը հարցով պատասխանեց.- «Իսկ ո՞ւր էր այն մարդը, որը մեղադրում է... իսկ դուք գիտեք, որ [դեպքից հետո] երեք օր հայտարարություն չկար, ոչ մեկը չէր խոսում դրա մասին: Ոստիկանությունը կարող էր անօրինական մեթոդներ օգտագործել, ճնշել ծեծվածներին, որպեսզի ցուցմունք տային... անե՞ր ոստիկանությունը։ Դա չի արել ոստիկանությունը և չի պատրաստվում անել»։

Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու անպատժելիության հարցը վերջին օրերի թեժ քննարկման թեմա դարձավ նաև խորհրդարանում։ Մարզպետի ընտանիքի պաշտպանությունը ստանձնեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ վիճաբանելով ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի հետ: Ոստիկանապետը, սակայն, այս հարցին չցանկացավ անդրադառնալ.- «Չեմ մեկնաբանում գեներալների և տիկին Փոստանջյանների աղմկահարույց հայտարարությունները»։

Ավելի վաղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս է հայտարարել, թե չբացահայտվող հանցագործություններ չկան: «Ազատության» հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ դեռ անցած տարեվերջին բռնության ենթարկված ընդդիմադիր ակտիվիստների, մեքենաների հրկիզման, «Հիմնադիր խորհրդարանի» դեմ հարձակումների գործերը չեն բացահայտվում, պատասխանեց.- «Բոլոր այն ծեծի գործերը, որոնց շուրջ անիմաստ աղմուկ չի բարձրացել, բացահայտվել են։ Բոլոր այն դեպքերը, որոնք վերածել են շոուի, դժվարացրել են մեր աշխատանքը։ Դրանց մեջ էլ կան բացահայտված գործեր, բայց որպես կանոն, երբ խառնում են, ավելի զգոնացնում են, ավելի դժվարացնում են մեր աշխատանքը։ Կրկնեմ, բոլոր պարագաներում չբացահայտվող հանցագործություն չկա»։

Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» դեմ հարուցված քրեական գործին, Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն ու ազատ արձակմանը՝ ոստիկանապետը պնդեց՝ մանրամասներին չի տիրապետում, բայց վստահ է՝ կալանավորելու հիմքեր հաստատ եղել են։

«Շատ լավ են արել, բռնել են, նյութեր կան, քննությունը գնում է, իրենց ազատ արձակելը դեռ չի նշանակում... ես չեմ կարծում, որ Քննչական կոմիտեն կարող է քրեական գործ հարուցել առանց հիմքերի։ Ինչ-որ հիմքեր կան։ Այդ հիմքերին ոստիկանապետը չի տիրապետում, բայց քննություն է գնում, խափանման միջոց փոխելը չի նշանակում, որ արդարացումներ են գնում։ Դա ընդամենը նշանակում է՝ երաշխավորություններ կան, որ մարդիկ չեն խուսափելու քննությունից։ Ես չեմ կարծում, որ մարդկանց կարելի է անհիմն կալանավորել, ձերբակալել, իզուր տեղը աղմուկ սարքել»,- ասաց նա։

«Անհիմն ոչինչ չի լինում»,- շարունակեց ոստիկանապետը.- «Եթե շատ ժամանակ կատակի են վերածում, որ սոդան և այսինչն են հայտնաբերել, սիրելիներս, այդ նույն սոդաներով ու մի քանի ուրիշ ատրիբուտներով էնպես կարելի է երկիրը պայթեցնել, որ դուք դրանից տեղյակ չեք»։