«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Իրաքի բանակի վերջին պարտությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Վաշինգտոնում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների խոսքով, Սպիտակ տանն անհրաժեշտ է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու նոր ռազմավարություն մշակել։ «Ժամանակն է, որ նախագահն իրական ռազմավարություն ներկայացնի, որտեղ ասվելու է, թե ինչպես ենք մենք ոչնչացնելու ահաբեկչական վտանգը», - ասել է Բեյները:
Մինչդեռ, փորձագետների կարծիքով, հիմնական տարաձայնության պատճառ կարող է դառնալ մահմեդական ծայրահեղականների դեմ պայքարում Իրանի ակտիվ ներգրավումը: Իրաքի կողմից հրապարակված տեսանյութում պատկերված էր, թե ինչպես էին Իրաքի ուժերը Ռամադիում մնացած իրենց զինվորականներին ուղղաթիռներով դուրս բերում քաղաքից․ սա, ըստ փորձագետների, հիմք տվեց ասելու, թե իրաքյան ուժերը բավարար չեն, և իրանական մասնակցության անհրաժեշտություն իրոք զգացվում է:
Առայժմ Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունն աջակցում է Իրաքի ղեկավարության պնդմանը, թե ի վիճակի է կարգավորել իրավիճակը: Պենտագոնի խոսնակ, գնդապետ Սթիվեն Ուորենն ասել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել այն ուժերին, որոնք կանցնեն Իրաքի իշխանությունների և մասնավորապես պաշտպանության նախարարության հրամանատարության տակ:
Իրավիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ Ռամադին սունիներով բնակեցված Իրաքի Անբար շրջանի կենտրոնն է, և իրանամետ շիա ուժերի կողմից դրա ազատագրումը կարող է սունիների և շիաների միջև ներկրոնական պատերազմի ևս մեկ ալիք առաջացնել:
Այսպիսով, հաշվի առնելով Իրաքի զորքերի անբավարար մարտունակությունը, իրանամետ ուժերն այնուամենայնիվ կարող են օգտագործվել, սակայն նման նախաձեռնությունը չափազանց նուրբ կառավարում է պահանջելու: