Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով խորհրդարանական լսումները կանցկացվեն մայիսի վերջին

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողով կգան նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիները:

Ազգային ժողովի խոսնակը այսօր հայտարարեց, որ մայիսի վերջին տեղի կունենան խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով, Ազգային ժողով կգան նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիները:

Սահակյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումն իրեն մտահոգում է․ - «Ես կարծում եմ՝ ավելի շատ, քան նրանց, ովքեր փորձում են ցույց տալ, որ մտահոգում է: Դա ոչ միայն մեր ազգաբնակչության գրպանին է խփում, այլ նման դրույքաչափով բարձրացումը, կարծում եմ, մեծ վնասներ կհասցնի նաև մեր տնտեսությանը»:

Սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը, խորհրդարանի խոսնակի կարծիքով, իրատեսական չէ: Յուրաքանչյուր փոփոխություն, ըստ նրա, պետք է հասկանալի լինի ժողովրդի համար:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, սակագնի հնարավոր բարձրացումը թալան որակելով, հարցի լուծումը ժողովրդի ընդվզման հետ է կապում․ - «Հնարավոր կդառնա այս թալանը, այս գների բարձրացումը կանգնեցնել միայն մեկ դեպքում․ եթե իշխանությունը, ռեժիմը զգա, որ ժողովուրդը սա չի մարսում, չի ընդունում, որ ժողովուրդը ակտիվորեն բողոքում է»:

Զուրաբյանի կարծիքով, 17 դրամով սակագինը բարձրացնելու հայտը միտումնավոր է արվել՝ հետագայում ավելի քիչ թանկացումը հոգեբանորեն ընդունելի դարձնելու համար: Իրականում, ըստ նրա, իշխանության ներսում լուռ համաձայնություն կա՝ աչք փակել կատարվող գողության վրա․ - «17 դրամի փոխարեն կթանկացնեն, ասենք, 10 դրամով: Պետք է մենք հանգստանա՞նք դրանից և պիտի ուրախանա՞նք: Եթե ակնհայտ է, որ ամեն տարի այդ նույն բանը կիրառվում է, ոչ թե ուղղվում է այդ վատ կառավարումը, ոչ թե բռնում են այն գողերին, ովքեր տարիներ շարունակ միլիոնավոր դոլարի պարտքեր են կուտակում՝ թալանելով այս համակարգը: Ոչ, այս մարդկանց չեն բռնում: Ըստ էության օրինականացնում են նրանց գոյությունը»:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս այս վտանգը տեսնում է․ - «Մարդիկ գործում են առևտրականի տրամաբանությամբ՝ շատ ասենք, հետո ինչ-որ մի թվի վրա կբարիշենք: Բայց ո՞ւմ հաշվին են բարիշում: Բարիշում են ժողովրդի, հասարակության հաշվին: Այն ժողովրդի, որն արդեն իսկ չի կարողանում իր նվազագույն ծախսերը կատարել: Տնտեսական լուրջ խնդիր առաջացնի, այո, սոցիալական ընդվզում առաջացնի, որովհետև այստեղ առանց այն էլ մազի վրա է ամեն ինչը»:

Ռուստամյանի խոսքով՝ սահմանին գազի էժանացման պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարցրացման հայտը լուրջ հիմքեր չի պարունակում և տրամաբանական չէ․ - «Մանևրում են․․․ Ըստ էության մի կողմում գործարարն է, իր շահը հետապնդող գերատեսչությունն է, որը դժբախտաբար ունի մոնոպոլ կարգավիճակ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը լսումներից ակնկալում է գոնե որոշ հարցերի պատասխաններ ստանալ․ - «Մենք կիմանանք, թե պաշտոնական տեսակետները որոնք են, վիճակի նկարագրություն և ելքերի նախանշում: Եվ ըստ այդմ մենք մեր անելիքը կիմանանք»:

Իսկ հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիանի հնարավոր թանկացումը դառնա այն հարցը, որը կրկին կհամախմբի ընդդիմադիրներին: Այս հարցին Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ - «Կյանքը ստիպելու է նորից ստեղծել համագործակցության դաշտ: Ոչ միայն չեմ բացառում, այլև վստահ եմ, որ լինելու է»:

Արմեն Ռուստամյանը նույն հարցին պատասխանեց․ - «Կարևորն այն է, որ ամեն մեկը չփորձի այստեղ իր անձնական ամբիցիաները, հատվածական շահերը տանել, առաջնություն փորձել ստանձնել, թե իբր ինքն է առաջնորդողը: Եթե այս բաները մի կողմ դրվի, և ընդհանուր շահով առաջնորդվենք, վստահ եմ, որ ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության շատ կողմնակիցներ այս կարևորությունը հասկանում են»:

Միքայել Մելքումյանի պատասխանը․ - «Ինձ թվում է, մեր հանրապետության բոլոր քաղաքական ուժերն էլ շահագրգիռ են, որպեսզի այդ բարձրացումը կամ չլինի, կամ այնպես լինի, որ էական բացասական հետևանքներ չունենա»: