Բաքվում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել․ կա 16 զոհ, տասնյակ վիրավորներ

Ադրբեջան - Հրդեհը Բաքվի շենքում, 19-ը մայիսի, 2015թ․

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը երեսպատման շինանյութի ցածր որակն է:

Այսօր Բաքվում Ազատության պողոտայի վրա գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով 16 մարդ մահացել է, ևս հինգ տասնյակը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից 30-ը տեղափոխվել են հիվանդանոց:

APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ հրդեհը տեղայնացվել է:

Գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը երեսպատման շինանյութի ցածր որակն է:

Haqqin.az-ը, հղում կատարելով baku.ws-ին, հաղորդում է, որ Բաքվի բնակիչները սկսել են իրենց շենքերի վրայից պոկել այդ դյուրավառ շինանյութը:

Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության շուրջ երեք տասնյակ մեքենաներ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է հետաքննել հրդեհի բռնկման պատճառները և պատժել մեղավորներին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, որպես կասկածյալ արդեն ձերբակալվել է Global Construction ընկերության ղեկավար Միրյուսիֆ Մախմուդովը: