Վիճաբանություն խորհրդարանում Փոստանջյանի և Սարոյանի միջև

Your browser doesn’t support HTML5

Վեճի պատճառը Սյունիքի մարզպետ Սուրի Խաչատրյանն էր։

Ազգային ժողովի այսօրվա նիստը թեժ մթնոլորտում սկսվեց. «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քննադատեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ պնդելով, որ եթե ժամանակին Սյունիքի մարզպետ, հանրապետական (ՀՀԿ) Սուրիկ Խաչատրյանին դատապարտող իր հայտարարության նախագիծը դրվեր քննարկման, ապա հիմա, գուցե, նրա տղայի գործողություններից երկու երիտասարդ չտուժեր։

Փոստանջյանը նաև հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանը թմրանյութեր է օգտագործում՝ նշելով, որ դա ապացուցված է Բուդաղյանների գործով իրականացված փորձաքննությամբ։

Սա հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին դուր չեկավ, սպասեց ընդմիջմանը, դուրս եկավ դահլիճից և շտապեց ընդդիմադիր պատգամավորի մոտ՝ համոզելու, որ Տիգրանը Փոստանջյանի երեխաների նման երեխա է։

«Ավել-պակաս մի խոսա։ Բա որ չապացուցեցի՞ր։ Քո ամուսինն ու երեխեքն են նարկոման, ամոթ է, բազմազավակ մայր ես, ուրիշի ջահել երեխուն պետք չէ վարկաբեկել», - ասաց Սարոյանը։

Գեներալին փորձում էր հանգստացնել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության նախկին անդամ Մելիք Մանուկյանը, այդ ընթացքում Փոստանջյանը հեռացավ միջանցքից, բորբոքված Սարոյանն էլ նկատեց իր շուրջը հավաքված լրագրողներին, սկսեց նրանց քննադատել՝ զարմանալով՝ այլ խնդիր չկա՞, որ Սուրիկ Խաչատրյանի մասին են գրում։

«Զզվացրիք ձեր Սուրիկով, հերիք ա էլի, բոլ ա, ընկել եք էդ մարդու հետևից, ի՞նչ է ձեր սրտի ուզածը, ի՞նչ է՛լ անի էդ տղեն էս երկրի համար», - ասաց Սարոյանը։

Ի վերջո, Սարոյանին միջանցքից հաջողվեց հեռացնել հանրապետական Առաքել Մովսիսյանին։ Ինքը՝ Զարուհի Փաստանջյանը, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելու՝ Սեյրան Սարոյանի պատրաստակամությունը իրեն չի զարմացրել։

«Ասում են՝ իրար հետ շատ մտերիմ են, և միասին Երուսաղեմ են գնացել, մեղքերի թողություն են հայցել, երևի, այդ մեղքերի թողության նաև ականատեսն է եղել, և մտածել է, որ արդեն մեղավոր չէ, մեղքերը, փաստորեն, նրա ներվել են», - ասաց Փոստանջյանը։

Ընդմիջումից հետո, նիստը սկսվեց կրկին աղմուկով, առաջնագծում նորից գեներալ Սարոյանն էր, հակառակ կողմում՝ Զարուհի Փոստանջյանը, ով հետևողականորեն շարունակում էր իր նախագծից խոսել։

«Մենք այսօր էլ, եթե թողնում ենք այսպիսի անպատժելի մթնոլորտ մեր երկրում, ապա, նորից ենք ականատեսը լինելու հանցագործությունների», - ասաց Փոստանջյանը։

Այս անգամ էլ Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությունը ստանձնեց Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը. - «Պարոն Սահակյան, իմ գործընկերը իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղ և անվայել արտահայտություններ է անում մարզպետի հասցեին»։

Ելույթից հետո միջանցք դուրս եկած Գրիգորյանն ասաց, որ չէր կարող անտարբեր մնալ, քանի որ Փոստանջյանը անմեղության կանխավարկածն էր խախտում՝ փորձելով քաղաքական միավորներ հավաքել։

Ի դեպ, սյունեցի պատգամավորը չթաքցրեց, որ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է։ «Անձամբ ճանաչում եմ ու անձամբ մտերիմ եմ», - ասաց Գրիգորյանը։

Քննադատությունների տարափից հետո անգամ Զարուհի Փոստանջյանը դիրքերը չէր զիջում. այս անգամ թիրախում Գալուստ Սահակյանն էր։ «Ես ցանկանում եմ ձեզանից պարզել՝ երբ եք պատրաստվում դա դնել շրջանառության մեջ»։

ԱԺ նախագահն էլ պատասխանեց. - «Երբ որ հայտարարությունը բարեկրթության շրջանակում լինի, ոչ թե մարդկանց մեղադրել՝ դատարանի ֆունկցիա վերցնելով, այլ հայտարարության տեքստը լինի, որ այսպիսի խնդիրներ կան, և փորձենք այդ խնդիրները լուծել ու հասցեագրենք, թե ով է լուծելու»։

Խորհրդարանի խոսնակի պատասխանից հետո Փոստանջյանը պնդեց, որ Սյունիքի մարզպետին քննադատող հայտարարության նախագիծը անփոփոխ է թողնելու, ավելին՝ այն կրկին դնելու է շրջանառության մեջ։