ՀՔԾ-ն իրավական գնահատական կտա զոհված զինծառայողների մայրերի հետ տեղի ունեցածի վերաբերյալ

Ոստիկանները խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին բռնի ուժով մի մայթից մյուսն են տանում, 13-ը մայիսի, 2015թ.

27 հասարակական կազմակերպությունների կողմից զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Հայտարարություն. պահանջում ենք ոստիկանությունից ներողություն խնդրել զոհված զինծառայողների մայրերից» վերնագրով հոդվածի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր՝ հրապարակման մեջ նշված փաստերը ստուգելու և դրանց իրավական գնահատական տալու համար, տեղեկացնում է Քննչական ծառայությունը։

Հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ դատապարտել են նախագահականի մոտ տեղի ունեցած միջադեպը՝ պահանջելով նախագահականի նստավայրի մոտ անվտանգության պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ենթարկել քրեական պատասխանատվության։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ նախագահականի մոտից Ոստիկանները խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին բռնի ուժով մի մայթից մյուսն էին տարել։ Քաշքշուկից հետո զոհված զինվորների ծնողները շտապել էին ոստիկանության կենտրոնի բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։

Սևազգեստ մայրերը նախագահականի մոտ էին դեռ յոթ ամիս առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանին գրած դիմումի մասին տեղեկություն ստանալու համար. ծնողները նշում են, որ չեն հավատում այն վարկածին, թե իրենց տղաներն ինքնասպան են եղել, և պայքարում են, որպեսզի քրեական գործերը նորից քննվեն, մեղավորները՝ պատժվեն։