Կառավարությունն այսօր որոշեց 160 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Ղարիբյաններին, Ղասաբյաններին ու Բաղդասարյաններին փոխհատուցելու համար:
Երեք ընտանիքները գրեթե տասը տարի առաջ զրկվեցին Բյուզանդի փողոցի իրենց տներից՝ հանուն պետության գերակա շահի:
Ստրասբուրգի դատարանը դեռ անցած տարվա նոյեմբերին էր վճռել՝ գանգատ ներկայացնողների իրավունքները խախտվել են։ Հայաստանյան դատական ատյաններում այդ գործերի քննման տարիներին Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրած, այժմ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարությունից այսօր գումար խնդրեց՝ Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու համար:
Ընդ որում փոխհատուցումը կվճարվի Ստրասբուրգի դատարանի սահմանած եռամսյա ժամկետից հետո, ուշացման համար Հայաստանի կառավարությունը պետք է նաև տոկոսներ վճարի։
Սեդրակ Բաղդասարյանը, ում ընտանիքի օգտին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ասում է՝ այս ուշացումը ևս կառավարության վերաբերմունքի մասին է խոսում: Թեև Ստրասբուրգի դատարանի սահմանած 44 հազար եվրոն իրենց ակնկալածից քիչ է, սակայն «Պետական կարիքի զոհեր» կազմակերպության ղեկավար Բաղդասարյանն ասում է՝ միանշանակ հաղթել են:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասում է՝ ստացվում է, որ դատավորների սխալների համար վճարում է Հայաստանի քաղաքացին, և խոսքը միայն նյութական վնասի մասին չէ:
«Այս դատական ակտերի հետևում խախտված իրավունքներ են։ Դա բոլորիս իրավունքն է, որ խախտվել է։ Ոչ պաշտոնական շփումների ժամանակ տարբեր հակառակորդ կողմի ներկայացուցիչներ ասում են՝ ծայրահեղ դեպքում մի 5-10 տարի հետո Եվրոպական դատարանը վճիռ կկայացնի, կսահմանի էսքան փոխհատուցում, կվճարենք։ Դիտավորություն կա սրա մեջ»,- ասաց Զեյնալյանը։
Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի բյուջեից շուրջ կես միլիոն եվրո է վճրարվել Եվրոպական դատարանի որոշումները կատարելու համար։ Այսօր արդարադատության նախարարն ասաց՝ դա շատ ավելի լավ ցուցանիշ է քան, օրինակ, Ադրբեջանում, Բուլղարիայում կամ Մոլդովայում: Արտակ Զեյնալյանը հակադարձում է՝ մենք ավելիին ենք արժանի, ՄԻԵԴ հասնող գործերը պետք է ավելի քիչ լինեն:
Սեդրակ Բաղդասարյանն ասում է՝ Եվրոպական դատարանում հաղթած երեք ընտանիքները մի բակի հարևաններ են։ Սկզբում քանդվել է Ղարիբյանների տունը, հետո՝ Ղասբյաններինը, հետո՝ իրենցը: Նա ասում է՝ տասը տարի անց իրենք և Ղարիբյանները դեռ բնակարան են վարձում, սեփական տուն չունեն: Ղասաբյանները լքել են Հայաստանը՝ արդարադատությունից հիասթափված:
Բաղդասարյանն ասում է՝ տարիներ անց հաղթել են, սակայն վճարած գինն էլ մեծ է.- «Տղաս ու աղջիկս փաստորեն այս տասը տարին ապրեցին մանկություն չունենալով, ապրեցինք վարձով տներում։ Այս հանգամանքը ոչ մի գումարով դու չես կարող գնել»։
Բաղդասարյանը շարունակում է՝ եթե իրենց այժմ միլիոններ տան, ողջ Հյուսիսային պողոտան էլ նվիրեն, դա չէ կարևորը.- «Իմ երեխաները կարող են հպարտանալ ինձնով, որովհետև Բաղդասարյաննները, Զարիկյանցները, ինչպես նաև Ղարիբյաններն ու Ղասաբյանները մտան ՀՀ պատմության մեջ, մարդիկ, որոնք դուրս եկան պետության ապարատի դեմ և հաղթեցին։ Այ, սա է կարևորը»։