Վատիկանը ճանաչում է Պաղեստին պետությունը

Your browser doesn’t support HTML5

Վատիկանը երեկ հայտարարեց, որ պաղեստինցի պաշտոնյաների հետ ավարտել է երկկողմ համաձայնագրի մշակումը:

Նոր համաձայնագիրը միտված է Պաղեստինում կաթոլիկ եկեղեցու գործունեության կարգավորմանը, և ըստ էության, փաստացի ճանաչում է Պաղեստինը որպես պետություն:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Վատիկանի խոսնակ գերաշնորհ Ֆեդերիկո Լոմբարդինին ասել է. - «Այո, սա ճանաչում է, որ պետությունը գոյություն ունի»:

Վատիկանի հայտարարությունները իսկույն առաջացրել են Իսրայելի մտահոգությունը: Իսրայելի պնդմամբ՝ նման զարգացումը կարող է վնաս հասցնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցային գործընթացին, սա նշված է Իսրայելի արտգործնախարարության գրավոր հաղորդագրությունում:

Իսրայելը վերջին տարիներին պնդում է, որ Պաղեստինի պետության ճանաչման հարցը պետք է քննարկվի միայն համապարփակ, լիարժեք խաղաղություն հաստատվելուց հետո, երբ երաշխավորված դադարեցվեն բոլոր հարձակումներն ու բռնությունները:

«Մենք հիասթափված ենք Վատիկանի որոշումից», - ասել է Իսրայելի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էմանուել Նասսոնը՝ հավելելով․ - «Մենք կարծում ենք դա օգտակար չէ Պաղեստինիննորից բանակցային սեղանի շուրջ հետ բերելու համար»,- նշել է նա:

Իսկ Պաղեստինը ողջունում է Վատիկանի որոշումը:

«Մենք ողջունում ենք Պաղեստին պետության ճանաչումը Վատիկանի կողմից, որպես իրական ավանդ խաղաղության ու արդարության գործում», - ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության բարձրաստիճան անդամ Հանան Աշրավին՝ ընդգծելով․ - «Վատիկանի որոշումը ուղերձ է այն մասին, որ պաղեստինի ժողովուրդը արժանի է ինքնորոշման իրավունքի, պաշտոնական ճանաչման, Պաղեստինի ազատության և պետականության»:

Սուրբ Աթոռի և Պաղեստինի ներկայիս հարաբերությունները կարգավորվում էին Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ 2000 թվականին ստորագրված համաձայնագրով:

DPA գործակալության փոխանցմամբ՝ նոր համաձայնագիրը առաջին անգամ ստորագրվելու է Վատիկանի և Պաղեստինի միջև, ինչը նշանակում է, որ Վատիկանը փաստացի ճանաչում է Պաղեստին պետությունը: Նոր համաձայնագիրը մշակել է երկկողմ հանձնաժողովը:

Համաձայնագրի տեքստը չի հրապարակվել, սակայն Վատիկանի արտաքին գործերի նախարար, Մոնսինյոր Անտուան Կամիլերին L’Osservatore Romano թերթին տված հարցազրույցում ասել է, թե համաձայնագիրը վերահաստատում է դավանանքի ազատությունը պաղեստինցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կարգավորում է տեղում կաթոլիկ եկեղեցու հարկերի, ունեցվածքի, իրավասությունների հետ կապված հարցերը: Կամիլերին նաև ասել է, թե համաձայնագիրը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ համաձայնության կոչ է անում՝ հիմնված երկու պետություն ստեղծելու սկզբունքի վրա:

Հիշեցնենք, 2012-ին Պաղեստինը դարձավ ՄԱԿ-ի դիտորդ անդամ: Պաղեստինը ողջունեց նման կարգավիճակ պարգևող ՄԱԿ-ի քվեարկությունը՝ այն համարելով անկյունաքար՝ միջազգային ճանաչման համար:

DPA լրատվական գործակալության բնորոշմամբ ընդամենը երկու տարի առաջ Հռոմի պապ ընտրված Ֆրանցիսկոսը չի երկնչում առնչվել դիվանագիտական թեժ թեմաներին: Անցյալ ամիս նա հայերին բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդ՝ առաջացնելով Անկարայի զայրույթը: Թուրքիան Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին: