Նաիրիտցիներն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ են, իրենց բնորոշմամբ, այս անգամ նախազգուշական նստացույցի մեկնարկը տալու համար, թե քանի օր կամ ժամ կտևի նստացույցը, դեռ չեն հստակեցնում։
Հիշեցնենք, երեկ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ կկարողանան մարել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի ողջ պարտքը՝ 5.7 միլիարդ դրամ: Նախարարը նաև ասաց, որ առաջիկայում կառավարությունը կրկին կկարողանա վաճառքի հանել «Նաիրիտ»-ը, քանի որ ԱՊՀ միջպետական բանկում «Ռայնովիլ» ընկերության կողմից գրավադրված «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը առաջիկա օրերին ազատվելու են գրավից ու հետ են վերադարձվելու Հայաստանի կառավարությանը:
Նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում, արձագանքելով Զախարյանի հայտարարություններին, ասաց. - «Եթե ԱՊՀ միջպետական բանկի գրավադրված գույքը մի քանի օրվա ընթացքում կազատվի գրավից, ապա այդ դեպում, ինչպե՞ս է ստացվում, որ տարեվերջին պետք է մարեն աշխատավարձի պարտքը։ Նախարարն ասել էր, որ եթե Միջպետական բանկից գույքը հանվի մեկ կամ երկու ամսվա ընթացում ամբողջ պարտքը կմարվի»։
Նրանք համաձայն չեն նախարարի այս խոստումների հետ՝ նշելով, որ նման խոստումներ բազմիցս լսել են։
Նաիրիտցիներն այսօր նաև թռուցիկներով կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց բողոքին։
Ռուզան Գիշյան
Մանրամասներն՝ ավելի ուշ