Իրավապաշտպանները դիմել են դատարան՝ Նեմցովի գործով մեղադրյալի իրավունքները վերականգնելու պահանջով

Նեմցովի սպանության գործով հիմնական կասկածյալ Զաուր Դադաևը դատարանում, արխիվ

Ռուսաստանի Խոշտանգումների դեմ պայքարի հանձնաժողովը դիմել է դատարան՝ պահանջելով վերացնել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողների տեսակցությունների արգելքը:

Գլխավոր մեղադրյալը՝ Չեչնիայի ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևը, ավելի վաղ դիտորդներին ասել էր, որ ձերբակալվածների պահման վայրում իր նկատմամբ բռնություններ են կիրառել, նաև պնդել էր, որ Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել խոշտանգումների և հոգեբանական ճնշման հետևանքով: Նույն պնդումներն է ներկայացրել նաև երկրորդ մեղադրյալը՝ Թամերլան Էսկերխանովը:

Ռուսաստանցի իրավապաշտպանները քննադատում են իրավապահներին և արձանագրում, որ քննչական մարմինները անգործություն են դրսևորել՝ չեն պարզել մեղադրյալների վրա իրավապաշտպանների կողմից հայտնաբերված կապտուկների, խոշտանգումների հետքերի պատճառները, դատաբժշկական փորձաքննություն չեն նշանակել: Փոխարենը՝ Բորիս Նեմցովի գործի քննությամբ մոտ երեք ամիս զբաղվող իրավապահները շարունակում են 5 մեղադրյալների իրավունքների սահմանափակումը՝ արգելելով տեսակցությունները: Քննչական կոմիտեն անգամ փաստաբան Եվգենի Գուբինին է արգելել տեսակցել Զաուր Դադաևի հետ:

Ռուսաստանի մեկուսարաններում և ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրերում դիտորդական հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև Խոշտանգումների դեմ պայքարի հանձնաժողովի անդամները հարկ են համարում հայտարարել, որ բնավ նպատակ չունեն միջամտել Բորիս Նեմցովի քրեական գործի քննությանը, ընդամենը՝ պահանջում են պատժել Զաուր Դադաևի և Թամերլան Էսկերխանովի նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին: Հակառակ դեպքում, ըստ իրավապահների, Բորիս Նեմցովի սպանության գործը կմնա փակուղում: