Ջոն Քերրի. Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարման դեպքում պատժամիջոցները կվերացվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, 12-ը մայիսի, 2015թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղարն առաջին այցը կատարեց Ռուսաստան 2013 թվականի գարնանից ի վեր:

Պաշտոնական Վաշինգտոնը չի բացառում, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները որոշակի նախապայմանների կատարման դեպքում կարող են վերանայվել: Սա էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեկ ուշ երեկոյան Սոչիում կայացած համատեղ ասուլիսում հնչած առանցքային հայտարարությունը:

«Եթե Մինսկի համաձայնագիրը ամբողջությամբ կյանքի կոչվի, երբ դա կատարվի, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կարող են սկսել վերացնել պատժամիջոցները», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ չորս ժամ շարունակված բանակցություններից հետո:

Դրա հետ մեկտեղ, Քերրին նկատում էր, որ թեև Մինսկի համաձայնագրի կնքումից անցել է ուղիղ երեք ամիս, այնուհանդերձ, Ուկրաինայի արևելյան որոշ հատվածներում բախումները շարունակվում են: Խոսքը նախևառաջ Մարիուպոլից ոչ հեռու գտնվող Շիրոկինո ավանի և Դոնեցկի օդանավակայանին հարող տարածքի մասին է:

«Այսօր շատ կարևոր է, որպեսզի կողմերը հստակ ընտրություն կատարեն` առաջ շարժվելով դեպի Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրագործում: Երեկ ես կարճատև զրույց եմ ունեցել [Ուկրաինայի] նախագահ Պորոշենկոյի հետ, ես պատրաստվում եմ նրա հետ զրուցել նաև առաջիկայում` տեղեկացնելով այսօրվա բանակցությունների մասին: Ես նրան կոչ եմ արել, նույն ուղերձը փոխանցել եմ նաև ռուսներին` բոլորը, ովքեր վերահսկում են այս կամ այն ուժը, պետք է քայլեր ձեռնարկեն Մինսկի համաձայնագրի կատարման, մասնավորաբար՝ զինադադարի խախտումները կանխելու ուղղությամբ», - նշում էր Քերրին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքից էլ պարզ դարձավ, որ երեկ կայացած երկարատև բանակցություններից հետո Մոսկվան և Վաշինգտոնը կարողացել են առաջին համաձայնություններին գալ:

«Մենք պայմանավորվեցինք օգտագործել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության` հակամարտության կողմերի վրա ունեցած ազդեցությունը, որպեսզի հետևողականորեն, հաստատակամորեն դրդենք նրանց գործնականում կյանքի կոչել այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մինսկում», - նշում էր Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեչսության ղեկավարի խոսքով, սակայն, Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում այդպես էլ չհաջողվեց հաղթահարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր կուտակված բոլոր տարաձայնությունները:

«Բանակցությունների ընթացքում մեր բոլոր գնահատականները չէ, որ համընկան, բայց և այնպես, այսօրվա հանդիպումը թույլ տվեց ավելի լավ հասկանալ միմյանց: Կա այն ըմբռնումը, որ մենք չպետք է քայլեր կատարենք, որոնք կվնասեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի երկարաժամկետ հարաբերությունները», - նշում էր Լավրովը:

Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն էր Ռուսաստան 2013 թվականի գարնանից ի վեր: Մոսկովյան «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները, պնդում է, որ վերջին մեկ տարում Ջոն Քերրին առնվազն վեց անգամ նախատեսել է այցելել Ռուսաստան, սակայն վերջին պահին այդ այցելությունները չեղյալ են հայտարարվել: