Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարությունների քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր», - մասնավորապես ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում Եվրամիության հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։