Քաղաքական ուժերը ողջունում են հայ-ամերիկյան նոր համաձայնագիրը

Your browser doesn’t support HTML5

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ստորագրված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի խոսքով, երկու երկրների միջև բարենպաստ բիզնես միջավայր կստեղծի։ Համաձայնագիրը կյանքի կոչելու համար, Նալբանդյանի խոսքով, հատուկ խորհուրդ է ստեղծվելու։

«Հայաստանի կողմից ղեկավարելու է Էկոնոմիկայի նախարարության բարձր ներկայացուցիչը, և Միացյալ Նահանգների կողմից՝ Առևտրի ներկայացուցչության գրասենյակի բարձր ներկայացուցիչը։ Առնվազն տարեկան մեկ անգամ պետք է հավաքվեն», - ասաց Նալբանդյանը։

Կրեմլի նախաձեռնած տնտեսական դաշինքին անդամակցած Հայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում հայտարարել է՝ «պաշտոնական Երևանը կարևորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները»։

Ամերիկահայ կազմակերպությունները ևս ողջունում են հայ-ամերիկյան տնտեսական համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ երկար են աշխատել։

Հայ դատի գրասենյակում այժմ քայլեր են ձեռնարկում, որպեսզի վերացվի կրկնակի հարկումը, ինչը կարող է լուրջ խթան լինել Հայաստանում ներդրումներ կատարելու համար։

Հանձնախմբի ղեկավար, տնտեսագետ Քեն Խաչիկյանը համաձայնագրից մեծ ակնկալիքներ ունի։ «Բազում տարիներ մենք աշխատել ենք, որ այս պայմանագիրը կյանքի կոչվի, սակայն սա դեռ առաջին քայլն է, հաջորդը կլինի երկկողմանի հարկման բացառման վերաբերյալ պայմանագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, որն է՛լ ավելի մեծ ներդրումներ կխրախուսի։ Մենք հավատացած ենք, որ Հայաստանը պետք է ուժեղ տնտեսական կապեր ունենա աշխարհի բազմաթիվ երկրների հետ, ներառյալ` ԱՄՆ-ի, ուստի սա գերազանց քայլ է այդ ուղղությամբ», - ասել է Խաչիկյանը։

Հայաստանում ևս քաղաքական ուժերը ողջունում են հայ-ամերիկյան նոր համաձայնագիրը։ ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը հատկապես կարևորում է երկկողմ խորհրդի ստեղծումը, որը երկու կողմերի միջև առևտուրն ու ներդրումները խթանելու, խոչընդոտները վերացնելու համար լուծումներ կառաջարկի։

«Ես կարծում եմ, որ դա շատ արագ միգուցե չլինի, բայց այն հարթակը, որ ստեղծվել է, այն կարգավորումը, որ ստեղծվում է դրա միջոցով, դա որոշակի ուշադրություն է բևեռում և որոշակի ոչ շատ մեծածավալ, բայց քայլ առ քայլ կլինի», - ասաց Մելքումյանը։

Անցած օրերին, ըստ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների, երկու երկրների հարաբերություններում ևս մեկ կարևոր իրադարձություն է գրանցվել. երեկ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։

ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, Միացյալ Նահանգներում գիտեն, որ Հայաստանը այլ տարբերակ չուներ, քան Եվրասիական միությանը անդամակցելը, և չնայած այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը՝ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են։

«Մեր անվտանգությունը ամենակարևորագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության համար, և բազմիցս են Միացյալ Նահանգների տարբեր քաղաքական գործիչներ և ընդհանրապես Արևմուտքի քաղաքական գործիչները խոսել այդ մասին, և ինձ թվում է՝ նրանք ըմբռնումով են մոտենում մեր այդ դիրքորոշմանը», - ասաց Բաղդասարյանը։