Նալբանդյան․ Մեր քաղաքականությունը եղել ու մնում է Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը

Հայաստանի նախագահի գլխավորությամբ ԱՄՆ-ի մայրաքաղաք ժամանած պատվիրակության անդամներից երկրի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մինչև նույն օրը երեկոյան Վաշինգտոնի Ազգային տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը, Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում հրավիրել էր մամուլի ասուլիս։

Ասուլիսին ներկա էին լրատվական մոտ 20, այդ թվում ամերիկյան, հայկական, թուրքական, ռուսական գործակալությունների ներկայացուցիչներ։

«Անպայման հայ պետք չէ լինել, հասկանալու համար այն ողբերգությունը, որի միջով անցել է հայ ժողովուրդը», - նման խոսքերով Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի ասուլիսը բացեց Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբի պաշտոնյան։

Մինչև հարցերին պատասխանելը՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսեց Հայոց ցեղասպանության՝ ամբողջ աշխարհի կողմից ճանաչվելու կարևորության մասին։

«Եթե ժամանակին դա արվեր», - ասաց նա, - «տեղի չէին ունենա ո՛չ հրեական ողջակիզումը, ո՛չ Դարֆուրի և ո՛չ էլ մյուս ցեղասպանությունները»։

Ներկաներին նա տեղեկացրեց, որ անցած օրերին աշխարհի 100 երկրներում անց է կացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի քանի հազար միջոցառում։

Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր երկրներին ու կազմակերպություններին, մասնավորապես Մերձակա Արևելքի օգնություն հիմնադրամին, որոնք Ցեղասպանության տարիներին թե՛ բարոյապես, և թե՛ ֆինանսապես աջակցել են հայ ժողովրդին։

Հարց ու պատասխանի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատեց ու հավելեց․ - «Նախքան ընտրվելը Օբաման արտասանել է ցեղասպանություն բառը ու նախագահության տարիներին շարունակել է հայտարարել, որ չի փոխում դեպքերի առնչությամբ իր տեսակետը։ Իսկ Ռաֆայել Լեմկինին իր ուղերձում անդրադառնալով՝ Օբաման, փաստորեն, իր խոսքը կապել է ցեղասպանություն եզրի հետ», - ասաց Նալբանդյանը։

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբաներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված հայտարարությունների նկատմամբ Թուրքիայի բռնած դիրքը՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, թե այսօր անցյալի սխալները դատապարտելու փոխարեն Թուրքիան դատապարտում է Հռոմի պապին ու բոլոր այն երկրներին, որոնք ճանաչում են Ցեղասպանությունը։

«Ժխտողական քաղաքականությունը հեռանկարներ չունի։ Եվ այլոց քննադատելով ու դատապարտելով՝ Թուրքիան պարզապես շարունակում է է՛լ ավելի մեկուսացնել ինքն իրեն», - ասաց Նալբանդյանը:

100 տարի սգալուց հետո Հայաստանն արդյո՞ք չունի հայկական պահանջատիրության, մասնավորապես հատուցման հարցում նոր քաղաքականություն ու ռազմավարություն վարելու մտադրություն հարցին Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե Հայաստանի քաղաքականությունը եղել, մնում ու շարունակելու է լինել Ցեղասպանության ճանաչումը և դրա դատապարտումը։ Նա ընդգծեց որ Հայաստանը երբեք չի ներկայացրել տարածքային որևէ պահանջ Թուրքիային։