«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, արդեն երկար տարիներ է, ինչ Շուշին, ինչպես նաև ողջ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը վտանգված են: Այսօր՝ մայիսի 8-ին, որը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում նշվում է որպես Շուշիի ազատագրման օր, «Ազատության» հետ զրույցում Սեֆիլյանն ասաց, որ Հայաստանում պետք է ձևավորել կառավարման այնպիսի համակարգ, որը վերացնի այդ վտանգը:
«Այսինքն, բոլորի համար պարզ է, որ այսօր Հայաստանը, ներառյալ՝ Արցախը հայաթափվում է: Եթե հայաթափվում է, ապա ոչ Արցախի պաշտպանությունը, ոչ էլ Հայաստանի պաշտպանությունը երաշխավորված չեն: Ուստի պահը շատ լուրջ է, եթե չենք ուզում կրկնվի պատմությունը, նկատի ունեմ՝ 1920 թիվ, Կարսի հանձնում, ապա վերջապես հայությունը, Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ պետք է ակտիվանան և տեր կանգնեն մեր երկրին», - ասաց ազատամարտիկը:
Անդրադառնալով ղարաբաղյան բանակցությունների հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ թեկուզ Լեռնային Ղարաբաղի զիջմամբ Հայաստանի այսօրվա իշխանությունները պատրաստ են իրենց ռեժիմը երկարաձգել:
«Երբ այս ռեժիմը պատրաստ է ամեն ինչ անելու՝ իր կյանքը երկարաձգելու համար, որի ականատեսն ենք լինում ներքաղաքական և տնտեսական իմաստներով այս օրերին, ուստի թող ոչ ոք չկասկածի, որ նրանք թեկուզ Արցախի զիջմամբ, թեկուզ մասամբ զիջմամբ, նրանք պատրաստ են իրենց ռեժիմը երկարաձգել: Ուզում եմ ասել, քանի որ այս համակարգը կանգնած է սնանկացման եզրին, այս իմաստով ևս ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, այսինքն՝ նրանք էլ ուրիշ բան չունեն հանձնելու օտարին, մնացել է Արցախը», - ընդգծեց Սեֆիլյանը:
Պատերազմի վերսկսման վտանգի առնչությամբ էլ նա ասաց․ - «Նեղ իմաստով ես չեմ տեսնում, բայց քանի որ մեծ Միջին Արևելքով մեկ բլթբլթոցային իրավիճակ է, բավական վտանգավոր օրեր ես տեսնում եմ, սակայն դա չի նշանակում, որ այդ պատերազմի նախաձեռնողը կարող է լինել Ադրբեջանը: Ես ավելի շատ աշխարհաքաղաքական վտանգների մասին եմ խոսում, որի արտացոլանքը կարող է լինի Ադրբեջանի կողմից պատերազմը: Այսինքն՝ հավասարը հավասարի Ադրբեջանը այսօր չունի ոչ քաղաքական կամքը, ոչ ունակությունը, ոչ էլ համապատասխան ռեսուրսը մեզ ծունկի բերելու»: