Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հյուրընկալել է Երևանը 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին:

Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ կարևորելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գեհրկեն էլ, պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ, համոզմունք է հայտնել, որ Երևանը պատվով կկրի Եվրոպական ուսանողական մայրաքաղաքի կոչումը:

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան 2013թ.-ի նոյեմբերին Զագրեբում (Խորվաթիա) ընթացող Եվրոպական ուսանողական միության 65-րդ կառավարման խորհրդին հայտ էր ներկայացրել 2015թ.-ին հյուրընկալել Եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը: 2015թ.-ի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան և Իսրայելի Ազգային Ուսանողական Միությունը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Երևանը և այդպիսով հռչակվել նաև 2015 թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք: