Կառավարությունից արդեն փոխանցել են մոտ 11 միլիոն դրամ (մոտ 23 հազար դոլար), որն անհրաժեշտ էր սահմանին վիրավորված զինծառայող Գևորգ Եղիազարյանին՝ բուժման հերթական կուրսն անցնելու համար:
Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Գևորգ Եղիազարյանի մայրը՝ Նաիրա Գալստյանը՝ նշելով, որ որդու բուժման հերթական կուրսի համար անհրաժեշտ էր 56 հազար դոլար, սակայն արդեն հավաքվել է 60 հազար դոլար:
Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ինքը և կառավարության անդամները որոշել են աջակցություն ցուցաբերել Գևորգ Եղիազարյանին:
Վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ գումարային փոխանցում կատարել է նաև վարչապետը՝ իր անձնական միջոցներից, սակայն թե որքա՞ն՝ չնշեց:
Գևորգի մայրը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս պահին որդին ճնշման տատանումներ ունի, մոտ մեկ ամիս հետո կմեկնեն Գերմանիա՝ բուժման: Նաիրա Գալստյանի խոսքով, Գևորգը նորից պետք է հետազոտվի ու սկսի վերականգնողական բուժումը, որը մեկ ամիս է տևելու:
Ծնողը հույս ունի, որ վերականգնողական բուժման կուրսն անցնելուց հետո որդին գոնե սայլակով կտեղաշարժվի:
«Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ կարող էր այսպիսի արձագանք լիներ: Զգացված եմ ու շնորհակալ բոլորին», - ասաց Նաիրա Գալստյանը՝ հավելելով, որ շատերը գիտեն, որ գումարը հավաքված է, բայց դեռ զանգահարում են, այցելություններ խնդրում, ցանկանում են ծանոթանալ Գևորգի հետ:
Հիշեցնենք, որ Գևորգ Եղիազարյանը 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում էր ստացել հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Պաշտպանության նախարարությունը հոգացել էր երիտասարդի բուժման առաջին փուլի ծախսերը՝ մոտ 70 հազար դոլար, սակայն բուժումը շարունակելու համար այլևս գումար չուներ: