«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանը այսօր երեկոյան Գլխավոր դատախազությանն է հանձնել 37 պատգամավորների ստորագրությամբ դիմումը, որով պատգամավորները միջնորդում են վերացնել ձերբակալված ԲՀԿ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի արգելանքը և ազատ արձակել նրան: Ստորագրահավաքը նախաձեռնել էր ԲՀԿ խմբակցությունը:
Էլինար Վարդանյանի խոսքով, այժմ սպասում են դատախազության արձագանքին․ - «Ստորագրահավաքին մասնակցել են Ազգային ժողովի բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչները: Կցվել է նաև տիկին Ենոքյանի վատառողջությունը վկայող փաստաթղթեր»:
Գոհար Ենոքյանը ձերբակալվել է երեկ, և ինչպես այսօր տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը, կասկածվում է սպանության նախապատրաստություն կատարելու մեջ: Թե ո՞ւմ սպանությունը նախապատրաստելու համար է կասկածվում 73 -ամյա նախկին պատգամավորը, հայտարարության մեջ չի ասվում: ՀՔԾ-ից հայտնեցին, թե ավելին չեն կարող ասել, քանի որ դա նախաքննական գաղտնիք է: Այնուամենայնիվ մամուլում շրջանառվում է պատգամավոր, վերջերս «Բարգավաճ Հայաստան»-ի շարքերը լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) անունը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առայժմ զերծ կմնան գնահատականներից: Գոհար Ենոքյանի հետ Զոհրաբյանը հանդիպել է: Նախկին պատգամավորը, Զոհրաբյանի փոխանցմամբ, նման կասկածները անհեթեթություն է համարում՚
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրավական կամ քաղաքական գնահատականներ էլ այժմ դեռ չեն հնչեցնի։ Կարևորը վատառողջ նախկին պատգամավորին ժամ առաջ մեկուսարանից դուրս բերելն է․ - «73-ամյա կնոջ նկատմամբ կիրառել կալանքը, ես սա համարում եմ բացարձակ անընդունելի»:
«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը դիմումը ստորագրողների թվում է: Նա կարծում է, որ նախկին պատգամավոր, կին գործարար Ենոքյանին արգելանքի տակ պահելն ապօրինի է: Փոստանջյանի խոսքով՝ անարդարությունն ավելի վառ է արտահայտվում աղմկահարույց այլ գործերի հետ համեմատելու դեպքում․ - «Ես պետք է մեջբերեմ նախանցած տարվա դեպքերը պարոն Լիսկայի հետ կապված: Եվ մենք տեսնում ենք, որ դա խրախուսվում է: Այս համեմատությունները երբ անում ենք, մենք տեսնում ենք, թե ինչքան անարդար է ՀՀ-ում գործող համակարգը»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս ստորագրողներից է: Նա կարծում է, որ մեկուսացումը, կալանավորումը չափազանց հաճախ է կիրառվում մեր իրավապահ համակարգում․ - «73 տարեկան կնոջը տանել այդ վիճակում մի քիչ անհավատալի մեղադրանքներով․․․ Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան խանգարում է քննությունը տանել և հասցնել դատավարությանը առանց նրան այդպիսի ծանր պայմանների մեջ դնելու: Դա ընդհանրապես մեր չակերտներով արդարադատական համակարգի ամենակարևոր թերություններից մեկն է»:
Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն ասաց, թե տրամաբանական կլինի, որ իրավապահ մարմինները բավարարեն վաստակաշատ նախկին պատգամավորին ազատ արձակելու միջնորդությունը․ - «Մենք նույնպես վստահ ենք, որ որևէ բան չի խանգարում, որ նա ստորագրությամբ ազատ արձակվի և մասնակցի նախաքննության ընթացքին: Կարծում ենք, որ Ազգային ժողովի պատգամավորների ստորագրությունները դրական արձագանք կգտնեն մեր իրավապահների մոտ»:
Իշխող ՀՀԿ-ի խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, թե իրեն որևէ մեկը ստորագրության համար չի մոտեցել, իսկ Գոհար Ենոքյանի ձերբակալությունը մեկնաբանել չցանկացավ:
Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ) ասաց, որ չի պատրաստվում ստորագրել․ - «Եթե համապատասխան մարմինը որոշում է կայացրել կալանավորել, դա նշանակում է, որ տվյալ անձը նախաքննության ընթացքում պետք է այդ պայմաններում լինի, որպեսզի օբյեկտիվ նախաքննություն լինի»:
Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ արդեն բողոքարկել է ձերբակալման որոշումը: