Ձերբակալվել է 73-ամյա ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանը

Նաիրա Զոհրաբյանը տեղի ունեցածը իր գլխավորած կուսակցության հետ չի կապում:

Երկուշաբթի երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանին։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ի նախագահը երեկ այցելել է մեկուսարան, հանդիպել Գոհար Ենոքյանին։ Զոհրաբյանն «Ազատությանն» ասաց, որ կատարվածը կուսակցության հետ չեն կապում։

«Այցելել եմ Էրեբունի՝ նախնական կալանքի վայր, որտեղ տիկին Ենոքյանն է գտնվում։ Ես մեղադրանքին ծանոթ չեմ։ Կարծում եմ, պատշաճ կարգով կտեղեկացվի Հատուկ քննչական ծառայության կողմից, թե հանրության մեջ նման ճանաչում ունեցող կնոջը, նախկին պատգամավորին, հանրային նման գործչին, երբ որ ձերբակալում են, ինչո՞ւ հանրությանը պատշաճ պարզաբանում չի տրվում, թե ինչի համար։ Ենոքյանը ներկայացրեց իր վարկածը, թե ինչի համար է ինքը գտնվում այդ մեկուսարանում և ինչ մեղադրանք է սպասվում, բայց ես նպատակահարմար չեմ գտնում հրապարակելու։ Ինքը միանշանակ հերքում է՝ համարելով կատարյալ աբսուրդ և դետեկտիվ ժանրի ամենակատարյալ ստեղծագործություն։ Ինչևէ, կլինի պաշտոնական հաղորդագրություն Հատուկ քննչական ծառայության կողմից, և մենք նաև իրավական կողմին կանդրադառնանք», - ասաց Զոհրաբյանը։

Նա նաև մտահոգություն հայտնեց Ենոքյանի առողջական խնդրի շուրջ՝ նշելով, որ նախկին պատգամավորը վերջերս է վիրահատության ենթարկվել, և ուղղակիորեն հակացուցված է, որպեսզի նա մնա նման պայմաներում։

«Ենոքյանի առողջական վիճակը վատ է։ Նա ունի շատ բարձր ճնշում։ Երեկ էլ ճնշումը բարձրացել էր։ Այսօր առավոտից, հիմա ես և իմ գործընկերները պիտի փորձենք հնարավոր բոլոր պատկան մարմիններին դիմել, եթե անհրաժեշտություն լինի՝ ստորագրահավաք կազմակերպել պատգամավորական, եթե դա հարգվի, որովհետև բազմիցս արդեն առիթ ենք ունեցել համոզվելու, որ եթե չկա ցանկություն խափանման միջոցը փոխել, ուզում ես 131 պատգամավորի ստորագրություն էլ հավաքի՝ դա բացարձակապես չի գործում։ Ամեն դեպքում, մենք պետք է փորձենք հասնել գոնե նրան, որ այսօր տիկին Ենոքյանի խափանման միջոցը փոխվի։ Իսկ երբ հասկանանք, թե ինչի համար է նա այսօր գտնվում մեկուսարանում, այդ ժամանակ գնահատական կտանք նաև խնդրի իրավական կողմին», - ասաց Զոհրաբյանը։

Հատուկ քննչական ծառայությունն առայժմ լռում է՝ մինչ հիմա որևէ պաշտոնական տեղեկություն չի հաղորդել։ Նախնական տվյալներով՝ Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու մեջ։