«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքից` Մոսուլից ոչ հեռու գտնվող Թալ-Աֆարի ճամբարում մահապատժի են ենթարկել առնվազն 25 եզդիների: Այս մասին տեղեկացրել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մահմա Խալիլը:
Նրա պնդմամբ, այդ ճամբարում այս պահին մոտ 1 400 գերեվարված եզդիներ են պահվում: Իրաքյան Shafaq News կայքի տեղեկություններով, վերջին երկու օրերին Թալ-Աֆարում սպանված եզդիների թիվը գերազանցում է 300-ը: Անկախ աղբյուրները, սակայն, այս տեղեկությունը դեռ չեն հաստատում:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ էլ, Կանադայի կառավարությունը որոշել է 114 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Իրաքին, Սիրիային, Հորդանանին և Լիբանանին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Կանադային վարչապետ Սթիվեն Հարփերը՝ Իրաք կատարած այցի ժամանակ: