Ընդդիմությունն առայժմ փոքր թերություններ է արձանագրել ԼՂ խորհրդարանական ընտրություններում

«Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մինչև այս պահը ընտրախախտումների մասին տեղեկություններ չեն ստացել, միայն որոշ թերություններ են նկատել:

«Կան մարդիկ, ովքեր անձնագրի փոխարեն փորձում են ներկայանալ անձնագրի պատճենով, որևէ ահազանգ կոնկրետ չկա, խոսքը հիմնականում փոքր թերությունների մասին է, որոնց վստահված անձինք հանձնաժողովի հետ միասին փորձում են լուծումներ տալ», - ասաց նա:

Խանումյանի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը քաղաքական համակարգի որակները բարձրացնելն է, և այն, որ այս ընտրություններն ի տարբերություն 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ավելի մրցակցային են, խոսում է քաղաքական համակարգի որակների բարձրացման մասին:

«Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ ակնկալիքներին, ապա մենք իշխանություններին չենք վստահում, որովհետև նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անելու՝ իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Խոսքը թե՛ Հանրային հեռուստատեսության կողմից ոչ հավասար լուսաբանման, թե՛ ԱԱԾ կողմից ամենաայլանդակ միջամտությունների մասին է, ինչի մասին դատախազությանը ահազանգել ենք, սակայն դեռևս որևէ արձագանք չկա», - ասաց Հայկ Խանումյանը:

Նա վստահ է, որ իր կուսակցությունը նվազագույն շեմը հաղթահարելու է և «սոլիդ» ներկայացվածություն է ունենալու խորհրդարանում:

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Շարժում-88»-ի համամասնական ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը ևս լուրջ խախտումներ առայժմ չի նկատել։

«Մենք կապ ենք պահում բոլոր ընտրատարածքների հետ, մանավանդ մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածուների ընտրատարածքներում: Նորմալ է ընթանում, երևի առաջին անգամ է Ղարաբաղում այսպես: Օրվա կեսի դրությամբ եթե համեմատենք ու զուգահեռներ անցկացնենք՝ դեռևս այսպիսի լավ, համերաշխ ընտրություններ չեն եղել այս պահի դրությամբ», - նշեց Բալասանյանը:

Արա Հարությունյան